Ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի կապակցությամբ քննարկումների համատեքստում պետք է արձագանքել մի շարք հարցերի՝ Ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Հարց. Ինչու դեպքից հետո վարչապետի շարասյունը կանգ չի առել վրաերթի ենթարկված կնոջն օգնություն ցուցաբերելու համար:
Պատասխան. Բուն վրաերթի պահին վարչապետի ավտոմեքենան եղել է դեպքի վայրից մոտավորապես 100-150 մետր հեռավորության վրա: Վրաերթի պահը նրա մեքենայի միջից չի երևացել ու չէր կարող երևալ: Վարչապետի ավտոմեքենան դեպքի վայրով անցել է տեղի ունեցածից ինչ-որ վայրկյաններ անց: Այսինքն՝ բուն վրաերթից 150 մետրը անցնելու համար անհրաժեշտ վայրկյանների ընթացքում վարչապետը տեղյակ չի եղել և չէր կարող տեղեկանալ, թե կոնկրետ ինչ է կատարվել: Վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը՝ վարչապետը հրահանգել է շտապ օգնություն կանչել և պարզել՝ ինչ է տեղի ունեցել: Շտապ օգնությունը ժամանել է րոպեներ անց: Այն մասին, որ տեղի է ունեցել վրաերթ ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենայի կողմից, վարչապետը իրազեկվել է Ազգային ժողով հասնելուն պես, որից հետո համապատասխան հրահանգներ է տվել առողջապահության նախարարին և իրավապահներին:
Հարց. ՃՈ աշխատողները չէին կարող չնկատել վթարը: Ինչո՞ւ նրանք չեն կանգնել օգնություն ցուցաբերելու:
Պատասխան. ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենան կանգ առնելու դեպքում կանգ կառներ ամբողջ շարասյունը՝ փակելով փողոցի ամբողջ երթևեկությունը և լրացուցիչ խցանումներ առաջացնելով նաև հարակից փողոցներում, այսպիսով խոչընդոտելով շտապօգնության մեքենայի մոտենալուն, այդ թվում՝ բուն դեպքի վայրին և տուժողին մոտենալուն: Նաև նման հանգամանքների հաշվառումով՝ ըստ աշխատանքի միջազգայնորեն ընդունված կանոնակարգի՝ երկրների ղեկավարների շարասյունը ուղեկցող (տվյալ դեպքում՝ ՃՈ) մեքենաներն իրավունք չունեն չնախատեսված տեղում կանգ առնելու՝ անգամ պատահարների դեպքում:
Հարց. Ինչու վարչապետը ցավակցություն չի հայտնել վրաերթի կապակցությամբ:
Պատասխան. Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հետ, ցավակցություն հայտնել նրան և նրա ընտանիքի անդամներին, ցավ ու ափսոսանք հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և երաշխավորել, որ տեղի կունենա դեպքի օբյեկտիվ քննություն»,- գրել է Չախոյանը: