Գյումրու «Մուշ-2» թաղամասում 36 բնակարանով 2 շենք է կառուցվում ու մեկ մանկապարտեզ: Սոցիալական բնակարանաշինությունը Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով է:
Աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող հանրապետության նախագահը եղել է շինհրապարակում, ծանոթացել այս տարի ավարտվող շինարարության ընթացքին:
Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցերը քննարկվել են նաև Շիրակի մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են մարզպետը, Գյումրու համայնքապետը և ուժային կառույցների ներկայացուցիչները:
Ստեղծարարության և նորարարության, դասախոսների համաշխատանքի և հեռավար կրթության լսարանները տեխնոլոգիական նոր լուծումներով են հագեցած: Այստեղ ստարտափ թիմեր են ձևավորելու, համատեղ աշխատանելու են և լուսավոր գաղափարները կյանքի կոչելու:
«120 կմ-ը այսքան մոտ և այսքան հեռու՝ 25 տարվա դիտակետից» խորագրով համաժողովի ընթացքում Վահագն Խաչատուրյանը նշեց՝ այն սպասելիքները, որ կային ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից գերազանցվել են։ Նախագահը նաև ընդգծեց, որ մեր երկրի զարգացման համար այլ ճանապարհ չկա, քան կրթություն ստանալն ու գիտություն զարգացնելը։
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Երկրի զարգացման այլ հնարավորություն չունենք, բացի կրթությունից, մենք այլընտրանք չունենք։ Ի վերջո, սա է միակ հնարավորությունը, որ ունենք որպես որպես ժողովուրդ պետություն, ազգ. մենք նավթ չենք ունենալու, մենք գազ չենք ունենալու, պետք է կարողանանք Աստծու տված շնորհը, որը գիտությունն է, մեր նախաձեռնություններով հանդես գալ և օգտագործել:
Վահագն Խաչատուրյանն այցելեց նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, ծանոթացավ այնտեղ գործող ընկերությունների աշխատանքին, իրականացվող նախագծերին։
Նախագահ Խաչատուրյանն ու Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այնուհետև եղել են նաև «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի շենքի տարածքում, որի նորոգման համար հայտարարվել է նախագծային գաղափարների մրցույթ։
Հեղինակ` Քրիստինա Մկրտչյան