Մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակում շարունակվում է կատարելագործվել և պարզեցվել մաքսային հայտարագրերի ներկայացման գործընթացը: Մասնավորապես՝ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման և գործընթացների կանոնակարգման նպատակով վերանայվել են մաքսային արժեքի մեծության և մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերը:
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ մայիսի 1-ից փոփոխություն է կատարվելու ապրանքային հայտարարագրերի ներկայացման կարգում: Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները, մաքսային արժեքի որոշման մեթոդների ընտրության հերթականությունը ճիշտ կիրառելու նպատակով, ապրանքային հայտարարագրերը պետք է ներկայացնեն trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգում:
Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է հայտարարագրերը ներկայացնել մաքսային արժեքի որոշման գործարքի արժեքի (1 մեթոդ) մեթոդով, իսկ 1-ից տարբերվող մեթոդով ներկայացնելու պարագայում՝ տրամադրել հիմքեր, թե ինչ տեղեկատվության հիման վրա է իրականացվել հայտարարագրումը: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ հայտարարագրվող տեղեկատվությունը պետք է լինի հավաստի, ունենա փաստաթղթային հիմնավորում, սակայն հիմնավորող փաստաթղթերը մաքսային մարմիններին հարկ կլինի ներկայացնել միայն այն դեպքում, երբ ավտոմատ ռիսկերի կառավարման համակարգով հայտարարագիրը կորակվի որպես ռիսկային (ընտրվի «դեղին» կամ «կարմիր» ընթացակարգ): Այս պարագայում հայտարարատուն մաքսային մարմիններին պետք է ներկայացնի առնվազն հետևյալ փաստաթղթերը.
1. Հաշիվ-ապրանքագիր(invoice).
2. Ներմուծվող ապրանքների դիմաց վճարման մասին փաստաթղթեր (եթե այն հետաձգված չէ).
3․ Վճարման հետաձգման դեպքում՝ հետաձգումը հիմնավորող փաստաթուղթ։
Կարևոր է հիշել, որ ապրանքների հայտարարագրում մաքսային արժեքին առնչվող բոլոր տեղեկությունները պետք է ունենան փաստաթղթային հավաստում, որոնք հետագայում կարող են պահանջվել մաքսային մարմինների կողմից:
Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ մաքսային արժեքի որոշման գործարքի արժեքի 1-ին մեթոդից տարբերվող այլ մեթոդների ընտրության դեպքում հայտարարատուն պետք է մաքսային մարմին ներկայացնի այն տեղեկությունները և փաստաթղթերը, որոնց հիման վրա ներկայացվել է մաքսային արժեքի որոշման մեթոդը և մաքսային արժեքի մեծությունը։
Օրինակ, մաքսային արժեքի որոշման 2-րդ մեթոդը ընտրելու պարագայում՝ հայտարարատուն պարտավոր է (համաձայն ԵՏՀ 257 որոշման) հայտարարագրի 44-րդ՝ «Լրացուցիչ տեղեկատվությունը/Ներկայացված փաստաթղթերը» դաշտում լրացնել նախորդ հայտարարագրի համարը, որի հիման վրա որոշվել է մաքսային արժեքի 2-րդ մեթոդը, իսկ մաքսային արժեքի որոշման 3-րդ, 4-րդ և 6-րդ մեթոդները ընտրելու պարագայում՝ հայտարարատուն պետք է (ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 106-րդ հոդվածի 1 կետի 4 և 9 ենթակետերի և 108 հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի համաձայն) ապրանքային հայտարարագրի 44-րդ դաշտում նշի այն տեղեկությունները և փաստաթղթերը, որոնց հիման վրա որոշվել է մաքսային արժեքի մեծությունը և մեթոդը։
Կարևոր է հիշել, որ այն հայտարարագրերը, որոնք ռիսկերի կառավարման համակարգի միջոցով կստանան «դեղին» կամ «կարմիր» ուղի միջերեսային արտացոլում, ապա հայտարարատուն պետք է ներկայանա մաքսային մարմին և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնի մաքսային հսկողության: Հետագայում, ծրագրային որոշակի կարգավորումներից հետո, հայտարարատուն կարող է փաստաթղթերն ամբողջությամբ նաև ներկայացնել առցանց:
Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի արժեքի մեթոդով (մեթոդ 1) որոշելու նպատակով մաքսային հսկողության ընթացքում, ներկայացված տեղեկատվության արժանահավատության ստուգման համար, մաքսային մարմինները հայտարարատուներից կարող են պահանջել գործարքի արժեքը հիմնավորող հավելյալ փաստաթղթեր: Հակառակ դեպքում՝ առաջարկվում է այլ մեթոդների ընտրություն, ըստ հերթականության՝ նախորդը բացառելու սկզբունքով։
Ի դեպ, չի բացառվում, որ հայտարարատուի կողմից գործարքի գնի մեթոդից այլ մեթոդի ընտրության և հայտարարագրման դեպքում, հայտարարատուի ներկայացրած տեղեկատվությունը մի շարք օբյեկտիվ պատճառներով կարող է հիմք չընդունվել մաքսային մարմինների կողմից (քանի որ հայտարարատուն չի տիրապետում հայտարարագրված տեղեկատվությունների ընդհանուր շտեմարանին և հիմնականում չի կարող առանց մաքսային մարմիններ հետ խորհրդակցության տիրապետել դիտարկվող ժամանակահատվածում մաքսային մարմինների կողմից ընդունված նույնական կամ համանման ապրանքների արժեքների մեծություններին և այդ մաքսային արժեքները ներկայացնող փաստաթղթերին): Նման դեպքերից խուսափելու համար, ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորում է մաքսային արժեքի գործարքի գնի մեթոդով հայտարարագրելու դեպքում չներկայացնել սխալ, թերի կամ չճշգրտված տեղեկություններ։ Հակառակ դեպքում՝ հայտարարագիրը ենթակա կլինի լրացուցիչ ճշգրտման, ինչը հայտարարատուից կպահանջի հավելյալ ժամանակ և ֆինանսական ռեսուրս: Իսկ ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու պարագայում՝ էապես կհեշտացվի ապրանքների հայտարարագրման գործընթացը և տնտեսվարողը զերծ կմնա տարատեսակ անհարմարություններից:
Իրավական կարգավորումներ
Նշենք, որ ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդները և դրանց որոշման հերթականությունը սահմանված են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 5-րդ գլխով, մասնավորապես՝ 38-45 հոդվածների դրույթներով։ Ապրանքների հայտարարագրերում ներկայացված տեղեկությունները հավաստող փաստաթղթերի ընդհանուր ցանկը սահմանված է Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին կետով: Այդ տեղեկությունների շարքին դասվում են նաև ապրանքների հայտարարագրված մաքսային արժեքը, այդ թվում` դրա մեծությունը և ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդը հաստատող փաստաթղթերը (Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետ): Բացի այդ, Օրենսգրքի 38-րդ հոդվածի 10-րդ կետի դրույթների համաձայն՝ ապրանքների մաքսային արժեքը և դրա որոշմանն առնչվող տեղեկությունները պետք է հիմնվեն հավաստի, քանակապես որոշվող և փաստաթղթերով հաստատված տեղեկատվության վրա:
Ապրանքների մաքսային արժեքի հսկողությունն իրականացվում է Օրենսգրքի 313-րդ հոդվածի դրույթներին և ԵՏՀ Կոլեգիայի 27.03.2018թ. թիվ 42 որոշմամբ սահմանված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողություն իրականացնելու առանձնահատկությունների մասին» կարգին համապատասխան: Իսկ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների օրինակելի ցանկը, որոնք կարող են պահանջվել մաքսային մարմնի կողմից մաքսային արժեքի մաքսային հսկողություն իրականացնելիս, նշված է կարգի 8-րդ կետում: