2021-ին գյուղմթերքի առևտրաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև կազմել է 903 միլիոն դոլար, ինչը 2020-ի ցուցանիշից ավելի է 19,8 տոկոսով: Թեև առևտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է, սակայն թե՛ հայ, թե՛ ռուս արտադրողները վստահ են՝ մասնավորապես մսամթերքի արտադրությունում չիրացված պոտենցիալ կա:
Դմիտրի Կրասնով («Ագրոէքսպորտ» դաշնային կենտրոնի ղեկավար) - Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ ենք, և այս տեսանկյունից ոչ մի տնտեսական սահմանափակում կամ բաժանում չկա. կա համագործակցության լավ հեռնկար:
Անցած տարի Ռուսաստանը մոտ 9 միլիոն դոլարի միս և մսամթերք է արտահանել Հայաստան: Ռուս արտադրողները վստահ են՝ թիվը կարելի է առնվազն կրկնապատկել: Գործակցությունն ընդլայնելու նպատակով մսամթերքի և թռչնաբուծության ոլորտների ռուսական 35 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ երկօրյա այցով Հայաստանում են:
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - 2021-ին Հայաստան է ներկրվել շուրջ 52 հազար 800 տոննա միս, մսամթերք, որից Ռուսաստանին բաժին է ընկնում շուրջ 12,1 տոկոսը: Մեր գործընկերների հետ համատեղ կազմակերպեցինք այս միջոցառումը, որպեսզի առաջատար ռուսական կազմակերպությունները ծանոթանան մեր արտադրողների հետ և երկուստեք ներկայացնեն հնարավոր համագործակցության ուղղությունները:
Հանդիպումներից կոնկրետ ակնկալիք ունի Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը: Լինի կեր թե տոհմային ճտեր՝ Հայաստանը հիմնականում ներկրում է Ռուսաստանից: Թռչնաբույծների միության նախագահը ռուս գործընկերների համար տոհմային տնտեսությունների ստեղծման կոնկրետ առաջարկ ունի:
Սերգեյ Ստեփանյան (Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ) - Մեզ համար խիստ անհրաժեշտ է: Որովհետև մեր թռչունների գլխաքանակի ձեռքբերման մոտավորապես 80-90 տոկոսը դրսից է ձեռք բերվում, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնությունից, իհարկե, մի քիչ էլ երրորդ երկրներից:
Թռչնի կերի 90 տոկոսը ևս ներկրվում է Ռուսաստանից և Ուկրաինայից: Հայաստանում թռչնի մսի և կաթի պակաս կա, և Հայաստանը հետաքրքրված է խոշոր թռչնաֆաբրիկաների, անասնաֆերմաների ստեղծման ներդրումային ծրագրերով: Էկոնոմիկայի նախարարի տեղակալը վստահ է՝ եթե մեծ քանակով որակյալ կաթ արտադրվի, Հայաստանը որակով պանիր արտադրելու մեծ ներուժ ունի, որն էլ կարտահանվի Ռուսաստան: