Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերեվարված և սպանված 6 զինծառայողի գործ: Չնայած այդ անձանց գերության մեջ գտնվելու՝ հայկական կողմի ապացույցներին, Բաքուն խախտել է նրանց կյանքի իրավունքը, Ադրբեջանի դեմ կայացրած Եվրադատարանի որոշումները:
Սիրանուշ Սահակյան (ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ) - Ունենք տվյալներ, որ նրանք ողջ եղել են Ադրբեջանում գերության ընթացքում, հետագայում կամ որոնողական գործողությունների հետևանքով, դիերի փոխանակման արդյունքում հայտնվել են հայկական կողմի տիրապետության տակ, կա ԴՆԹ համընկնում:
Վեցից մեկը 18-ամյա Էրիկ Մխիթարյանի սպանության դեպքն է: Բոլոր գործերով փաստաբանական խումբը ՄԻԵԴ է դիմել՝ գերության մասին ապացույցներն ու ցուցմունքներն ունենալուց անմիջապես հետո: Ռազմագերիների կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության համար դատարանը կիրառել է անհապաղ միջոցներ: Հետագայում, սակայն, հայտանբերվել են զինծառայողների դիերը:
Սիրանուշ Սահակյան - Որոշ դեպքերում հաստատվել է, որ դեպքը տեղի է ունեցել ավելի վաղ, քան տեսանյութերի տարածումը համացանցում, բայց կան դեպքեր, որ մահը վրա է հասել հետագայում, այսինքն՝ դատարանի պաշտպանության ներքո գտնվող անձի կյանքի նկատմամբ ևս ոտնձգություն տեղի է ունեցել: 2 իրավիճակն էլ հնարավոր է: 1-ինի պարագայում ստացվում է, որ տեսանյութի տարածման պահին արդեն անձինք սպանված են եղել:
Սպանության հանգամանքի հիմնավորումից հետո հայկական կողմը փոխել է Եվրադատարան ներկայացված գանգատը՝ քննության առարկա դարձնելով կյանքի իրավունքի խախտումը: Սահակյանի խոսքով՝ այս 6 գործով ապացուցողական խնդիր չկա, սպասում են Դատարանի վճիռներին: Բաքվի համար հավելյալ պատասխանատվություն կառաջանա, եթե պարզվի, որ սպանությունները կատարվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած ակտից հետո, այսինքն՝ Ադրբեջանն անտեսել է միջազգային ատյանի որոշումը:
Սիրանուշ Սահակյան - Գերուն սպանելը պատերազմական հանցագործություն է: Ադրբեջանի համար առաջ է գալիս այս անձանց բացահայտելու և քրեական հետապնդում իրականացնելու պարտականություն: Մենք նաև իրավական առումով բարձրաձայնում ենք այս անպատժելիության խնդիրը, որ փաստերը սպանության հայտնի են անդրբեջանական իշխանություններին, սակայն հրաժարվում են պատժել հանցագործներին:
Չնայած հստակ ապացույցներին, Ադրբեջանն այդպես էլ չի ընդունում մի խումբ անձանց գերեվարումը: Նրանք համարվում են բռնի անհետացածներ: ՄԻԵԴ է ներկայացվել 47 նման գործ: Ըստ Սահակյանի, ակնկալվում է, որ դատարանի միջոցով հնարավոր կլինի պարզել՝ անձինք գերեվարվա՞ծ են, թե՞ զոհված: ՄԻԵԴ-ում գերիների հարցով շփումների ժամանակ Ադրբեջանը Ստրասբուրգ է ներկայացնում կեղծ տեղեկություններ՝ ցույց տալով նաև, թե, իբր, պահման պայմանները համապատասախանում են միջազգային չափանիշներին:
Սիրանուշ Սահակյան - Կեղծարարությամբ հետագայում դատական պրոցեսները մանիպուլացնելն է նպատակը: Կան որոշ տեսանյութեր, որոնցում հայ տղաներ են նույնականացվել, անգամ այս դեպքում, երբ տեսանյութը կա, երբ հայրենադարձված չէ, վարկած են առաջ քաշում, թե նա հայկական հագուստով ադրբեջանցի է. պատկերացրեք՝ ինչ հեռուն գնացող ծրագրեր են իրականացնում իրենց պաշտպանության համար:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող 38 անձանց. նրանց առնչությամբ անվտանգային խնդիր չի տեսնում և չի բացառում՝ նրանք կհայրենադարձվեն նախքան դատական ակտերը: