ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում առաջին օրը հայ, ադրբեջանցի և թուրք պատվիրակների միջև սկսված վիճաբանությունը շարունակվեց նաև հաջորդ օրը:
«Ադրբեջանական կողմի ընկալումներն ու պատկերացումները խաղաղության մասին այլ են և չեն համապատասխանում Եվրոպայի խորհրդի գործունեության հիմքում ընկած հիմնական արժեքներին»,- ելույթում նշեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը:
Արուսյակ Ջուլհակյան (ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ) - Երբ դու ծննդատուն ես ռմբակոծում, դա չի հանգեցնում խաղաղության: Երբ դու տարեց քաղաքացու ես գլխատում, դա չի հանգեցնում խաղաղության: Երբ քո մայրաքաղաքի սրտում ռազմավարի պուրակ ես կառուցում՝ տեղադրելով այնտեղ հայ զինվորների նվաստացնող և ապամարդկայնացնող մանեկեններ, երբ դու հպարտությամբ տանում ես երեխաներին այդ պուրակ՝ ցուցադրությունը տեսնելու, դա չի հանգեցնում խաղաղության: Սա կարող է հանգեցնել քամահրանքի, գուցե՝ ատելության, բայց ոչ՝ խաղաղության:
Երբ դու հրաժարվում ես ազատել ռազմագերիներին, այլ պահվող անձանց, երբ նրանց դարձնում ես առևտրի առարկա՝ շարունակաբար նորանոր պահանջներ ներկայացնելով, դա չի հանգեցնում խաղաղության: Երբ անտեսում ես հայ ռազմագերիներին առնչվող ՄԻԵԴ-ի որոշումները, ԵԽԽՎ և Եվրոպական խորհրդարանի բանաձևերը՝ մերժելով մարդու իրավունքների պաշտպանության համար ստեղծված միջազգային գործիքները, դա չի հանգեցնում խաղաղության:
Կրակել գյուղերի ուղղությամբ, դիտավորյալ պայթեցնել գազամուղը, բարձրախոսներով սպառնալ խաղաղ բնակչությանը՝ սրանք են խաղաղության ադրբեջանական ընկալումները՝ շեշտեց հայաստանյան պատվիրակության անդամը:
Արուսյակ Ջուլհակյան - Նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշումից, ԵԽԽՎ-ի, Եվրոպայի խորհրդարանի համապատասխան բանաձևերի ընդունումից հետո, երբ քո նախագահը հրապարակայնորեն կարգադրում է ջնջել հին հայկական գրությունները Լեռնային Ղարաբաղի հայկական եկեղեցիների վրայից՝ այսպիսով ջնջելով հայկական հետքն այդ տարածքներից, դա խաղաղություն չէ:
Ադրբեջանցի և թուրք պատվիրակները ևս իրենց ելույթներում անդրադարձան հայաստանյան պատվիրակության նախորդ օրվա ելույթներին՝ շարունակելով պնդել ու ներկայացնել քարոզչական տարբեր թեզեր, թե իբր Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի, իսկ հակամարտությունը լուծված է:
Ադրբեջանական կողմի այս թեզերը հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը որակեց տարածաշրջանում հայության բնաջնջմանն ուղղված քաղաքականության ևս մեկ վկայություն: Զուգահեռներ անցկացնելով ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության և Արցախի նկատմամբ ադրբեջանական կողմի քաղաքականության միջև՝ նա շեշտեց, որ Եվրոպայի կենտրոնում նման հայտարարություններ լսելն անթույլատրելի է:
Վլադիմիր Վարդանյան (ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ) - Ես հասկանում եմ պարոն Ջաֆարովի դիրքորոշումը՝ նա չի ուզում ճանաչել հայերի գոյությունը: Սա լուրջ խնդիր է: Ես կցանկանայի դիմել ձեզ, պարո՛ն նախագահ, պարոն Ջաֆարովի ելույթը լոկ ազատ քննարկումների ժամանակ հնչեցված խոսք չէ, դա ելույթ է քաղաքական խմբի անունից: Մի՞թե մեզ համար դեռ ընդունելի է նման վարքագիծը:
Պարո՛ն Ջաֆարով, ես չեմ կարող մեղադրել կամ քննադատել ձեզ, քանի որ դուք, ցավոք, չգիտեք, թե ինչ է ժողովրդավարությունը: Դուք ծնվել եք մի երկրում, որը ժողովրդավարության հետ որևէ աղերս չունի։ Երբ դուք հասկանաք, տեսնեք, թե ինչ է իրական ժողովրդավարությունը, դուք կհասկանաք, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գոյություն ունի, որ գոյություն ունեն Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, և մենք կարող ենք ապրել խաղաղ: Դրա բանալին ժողովրդավարությունն է:
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը ստեղծված իրավիճակը որակեց որպես բարդ՝ հայաստանյան պատվիրակությանը հրավիրելով երկկողմ բանակցության՝ լուծելու հումանիտար հարցերն ու վերականգնելու փոխադարձ վստահությունը:
Ի դեպ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից Ուրուգվայում «Գորշ գայլեր» շարժման ժեստի ցուցադրման և դրա շուրջ բարձրացած աղմուկի ֆոնին, որը շարունակվեց նաև ԵԽԽՎ շրջանակում, Բրյուսելում պղծվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը:
Վանդալները խաչքարի վրա կարմիր գույնով պատկերել են թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդանշանը, իսկ այդ քաղաքական ուժը համարվում է ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության «կնքահայրը»:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան