Լեհաստանի գազամատակարարումն ապահովված է՝ «Գազպրոմի» հայտարարությունից հետո հայտարարել է երկրի վարչապետը: «Գազպրոմն» այսօր հայտնել է, որ ամբողջությամբ դադարեցնում է բուլղարական և լեհական ընկերություններին գազի մատակարարումները։ Պատճառն այն է, որ երկու երկրները հրաժարվել են գազի դիմաց վճարել ռուբլով:
Բեռլին կատարած այցի ընթացքում Լեհաստանի վարչապետը նշել է, որ այս քայլին դիմագրավելու համար պատրաստվել են ավելի վաղ: Մատեուշ Մորավիեցկիի խոսքով՝ կառավարությունը պատրաստ է պաշտպանել իր քաղաքացիներին, նա նաև հավելել, է որ երկրի գազի պահեստները լցված են ավելի քան 76 տոկոսով:
Բուլղարիայի վարչապետը նույնպես հայտարարել է, որ պատրաստ են եղել այդ որոշմանը: Կիրիլ Պետկովի խոսքով՝ Բուլղարիայում սպառողները գազի խնդիր չեն ունենա:
«Մեր երկիրն այժմ վերանայում է «Գազպրոմի» հետ բոլոր պայմանագրերը, ներառյալ Բուլղարիայի տարածքով տարանցման պայմանագիրը»,- հայտարարել է Բուլղարիայի վարչապետը:
«Գազպրոմի» հայտարարությանն անդրադարձել է նաև Եվրահանձնաժողովի ղեկավարը: «Գազպրոմի» հայտարարությունը Եվրամիության երկրներ գազի մատակարարումը դադարեցնելու մասին արդարացված չէ և անընդունելի է»՝ հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ նշելով, որ Եվրամիությունը շանտաժ է համարում Եվրոպայի որոշ ընկերություններին ռուսական գազի մատակարարումների դադարեցումը: «Բրյուսելը պատրաստ էր այս սցենարին և պլանավորում է համակարգված արձագանք»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Սպիտակ տան խոսնակը հերթական ճեպազրույցում պատասխանել է միջուկային պատերազմի հնարավոր մեկնարկի մասին խոսակցություններին։ Ջեն Սակին ասել է, որ միջուկային պատերազմում հաղթանակ չի կարող լինել։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կոչ է անում մեղմացնել հռետորաբանությունը: Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ միջուկային պատերազմ սկսելու հավանականության մասին խոսակցությունները ոչ արդյունավետ են։ Նա նման հռետորաբանությունն անվանել է «շատ վտանգավոր»։ Օսթինը հավելել է, որ Վաշինգտոնը պատրաստ է անել հնարավորը՝ միջուկային պատերազմից խուսափելու համար։
Ռուսական բանակն ավելի է խորացել Ուկրաինայի արևելյան շրջաններում՝ հայտարարել Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի մամուլի քարտուղարը: Ալեքսանդր Շտուպունը մանրամասնել է նաև, որ ռուսական ԶՈՒ հարձակողական գործողություններ են իրականացնում Դոնեցկի շրջանում, իսկ Մարիուպոլում ուկրաինական զորքերը մնացել են «Ազովստալ» գործարանում՝ հարյուրավոր ուկրաինացիների հետ:
«Մարիուպոլի ուղղությամբ հակառակորդը զանգվածային կրակ է արձակում և արգելափակում մեր ստորաբաժանումները «Ազովստալ» գործարանի տարածքում»,- հայտարարել է մամուլի քարտուղարը: Ուկրաինայի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունն էլ հայտարարել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Դոնեցկի և Լուգանսկի շրջանում հետ են մղել ռուսական 63 հարձակում:
Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը հաստատել է, որ Ռուսաստանը որոշել է դուրս գալ կազմակերպությունից։ «Ռուսաստանը հայտարարել է UNWTO-ից դուրս գալու մտադրության մասին։ Անհրաժեշտ է հետևել սահմանված ընթացակարգերին, ինչը մոտ 1 տարի կպահանջի, սակայն կասեցումն ուժի մեջ է մտնում անհապաղ»,- ասվում է հաղորդագրության մեջ։