ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ՝ ՓՄՁ-ՆԵՐԻՆ. ՆԱԽԱԳԻԾ
ՓՄՁ-ներն արտահանման դեպքում կազատվեն պետական տուրքի վճարման պարտականությունից: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Կառավարությունն առաջարկում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին՝ չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին Հայաստանից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը մեկ միլիոն դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող պետական տուրքը:
Անի Իսպիրյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Փոփոխությունն ուղղված է նաև մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, իսկ դրա ընդունումը գործարար և ներդրումային միջավայրի վրա կունենա դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծով առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ֆինանսական և վարչարարական ծախսերի կրճատմանը:
Ըստ Իսպիրյանի՝ օրինագծի ընդունմամբ նախատեսվում է պետական բյուջեում եկամուտների նվազեցում՝ միջինում 106,35 մլն դրամի չափով: Հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը կարծիք հայտնեց, որ օրենքի նախագիծը չի տա ցանկալի արդյունք, քանի որ այն բացասական է ազդելու պետբյուջեի վրա:
Հովիկ Աղազարյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ավելի լավ է՝ վարչարարությունը դյուրացնել, եթե խնդիր կա լուծենք, ոչ թե շրջանցենք:
Պատգամավոր Գևորգ Պապոյանն առաջարկեց օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց իրականացնել մոնիթորինգ՝ պարզելու, թե այն ինչ դրական ազդեցություն է ունեցել ՓՄՁ-ների վրա: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծին:
ԻՆՉՊԵՍ ԾԱԽՍԵԼ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԸ
Դրական եզրակացություն ստացան նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում և «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխությունները: Կառավարությունն առաջարկում է խստացնել թանկարժեք մետաղների և քարերի ջարդոնի հաշվառման պահանջները խախտելու համար սահմանված պատժամիջոցները: Յուրաքանչյուր խախտման համար նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով՝ նախկին 100-ապատիկի փոխարեն, պարբերաբար խախտելիս՝ 1000-ապատիկի չափով՝ նախկին 200-ապատիկի փոխարեն: Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով՝ մեղմ պատժամիջոցի պարագայում կարող են առաջանալ օրենքի խախտման գայթակղության ռիսկեր:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էլ քննարկվեց ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերի նպատակային օգտագործման մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Գործադիրը ցանկանում է հստակեցնել, թե կոնկրետ ինչի վրա պետք է ծախսել վճարված հարկերը:
Հակոբ Սիմիդյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - Սա ընդերքօգտագործողների և կազմակերպությունների, որոնք մթնոլորտի արտանետումների, ջրային ավազանի կամ թափոնների կառավարման, պահման արդյունքում հարկեր են վճարում, էս գումարները գոյանում են, էս գումարների արդյունքում ազդակիր համայնքները կարողանում են դիմել լիազոր մարմնին՝ նախարարությանը և համայնքներում բնապահպանական և առողջապահական նշանակության ծրագրեր իրականացնենք, այդ թվում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում:
Հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանն առաջարկեց ևս մեկ կետով նաև նշել, որ եթե հարևան համայնքը, որն ազդակիր չէ, բայց բնապահպանական վնասներ է կրել, խնդիրները լուծելու համար այդ համայնքներին ևս գումար հատկացնել:
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Մենք հատկացնելով այդ միջոցները ազդակիր համայնքներին առանձին դեպքերում պետք է նայենք, որ ազդակիր համայնքներից դուրս այս նույն վնասը, որ հասցվել է մեկ այլ համայնք վնասվում է գլոբալ խնդիրը նայենք և լուծենք, ոչ թե տեղայնացնենք:
Հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն տվեցին նախագծին և այն մտավ լիագումար նիստերի օրակարգ: