Ընդդիմության փողոցային պայքարը շարունակվել է: Նրանք մայրաքաղաքի տարբեր հատվածներում փողոցներ են փակել, նշել՝ անցկացնում են իրազեկման ակցիաներ:
Օրվա առաջին կեսի իրազեկման ակցիան Կոմիտասի պողոտայում էր: Երիտասարդները անվադողերով փակեցին փողոցը, վառեցին դրանց մեջ տեղադրված ճայթրուկները, ու երթևեկությունը կանգ առավ:
Ոստիկանության միջամտությամբ քաղաքացիների վեճը դադարեց, իրավապահները բացեցին պողոտան՝ բերման ենթարկելով մասնակիցներից ոմանց:
Թեև արդեն կան ձերբակալումներ, բայց դա իրենց պայքարը չի կանգնեցնի՝ արդեն երեկոյան, ամփոփելով 2 օրերի իրադարձությունները, հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ փոխնախագահ) - Դուք չեք կարող այսքան մարդու ձերբակալել, մենք պայքարի դուրս գալուց առաջ ասել ենք, որ պատրաստ ենք ամեն ինչի ու գնալու ենք մինչև վերջ, հետևաբար նման ձերբակալություններով, քաշքշուկով մեր պայքարը չեք կարող կանգնեցնել, հաճախ նույնիսկ ուշադրություն չեք դարձնելու, գնալու ենք մինչև վերջ:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Դիմադրություն» շարժման մասնակիցների իրազեկման ակցիան սկսվեց Սասունցի Դավթի արձանի մոտից: Քաղաքի տարբեր հատվածներում արդեն ձևավորվել են ապակենտրոն դիմադրության օջախներ, սա պայքարի թիրախն է, շեշտեց Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյան - Մենք պետք է համախմբենք մեր ժողովրդին, ուրեմն` առաջնորդվում ենք այս բանաձևով՝ համախմբում, դիմադրում, հեռացում:
Տիգրան Մեծ պողոտայով, Հանրապետության հրապարակով քայլերթը հասավ գլխավոր դատախազություն, որի դիմաց բողոքի ակցիա էին անում 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները: «Դեմ ենք Արցախի հայաթափմանը»,- հայտարարեցին ընդդիմադիրները:
Գրեթե նույն ժամին Ազատության հրապարակից էլ սկիզբ առավ «Պատիվ ունեմ»-ի ղեկավարի իրազեկման ակցիան: Արթուր Վանեցյանի խոսքով՝ ակցիաներն արդյունք են տալիս, քանի որ իրենց միացող քաղաքացիների թիվն ամեն օր ավելանում է:
Արթուր Վանեցյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար) - Սա պայքար է` հանուն հայրենիքի ու արժանապատիվ քաղաքացու, ու յուրաքանչյուրիցս է կախված, թե ինչ Հայաստանում ենք մենք ապրելու վաղը:
«Ոտքի Հայաստան, ոտքի Արցախ ու հայ ազգ» կոչերով Վանեցյանի ու իր կողմնակիցների երթը Մաշտոցի պողոտայից մտավ Կորյունի փողոց: Աբովյան-Իսահակյան խաչմերուկում նրանք մի քանի րոպեով փակեցին փողոցն ու շարունակեցին քայլերթը` հասնելով նաև Հանրապետության հրապարակ, որտեղ էլ հանդիպեցին «Դիմադրություն» շարժման քայլերթի մասնակիցներին: