ՈՒԿՐԱԻՆԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎՏԱՆԳ Է ՏԵՍՆՈՒՄ, ԱՄՆ-Ը՝ ՈՉ
Ուկրաինայի նախագահը կոչ է արել աշխարհին՝ «գլոբալ վերահսկողություն սահմանել Ռուսաստանի միջուկային օբյեկտների վրա»: Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ արդեն ականատես են եղել, թե ինչպես է վարվում Ռուսաստանը միջուկային օբյեկտների նկատմամբ՝ մասնավորապես Չեռնոբիլի և Զապորոժիեի ատոմակայանների հետ: «Աշխարհում ոչ ոք չի կարող իրեն ապահով զգալ»՝ նշել է Զելենսկին և պնդել, թե Ռուսաստանը նոր սպառնալիքներ է ստեղծել, որոնք կարող են գերազանցել 1986 թվականի Չեռնոբիլի վթարի հետևանքները: Ուկրաինայի նախագահը նաև շեշտել է, որ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում:
ԱՄՆ-ն չի հավատում, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով կարող է միջուկային հակամարտություն սկսվել. Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը:
«Միջազգային հանրության բոլոր անդամներն անում են ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա: Բայց Ուկրաինան իրավունք ունի պաշտպանել իրեն, և մենք կշարունակենք աջակցել նրան»,- ընդգծել է Լլոյդ Օսթինը: Նա վտանգավոր է որակել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները միջուկային պատերազմի հավանականության վերաբերյալ։ «Ցանկացած նման հռետորաբանություն չի օգնում, ոչ ոք չի կարող հաղթել միջուկային պատերազմում»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը «տարօրինակ» է անվանել Ուկրաինային զենք մատակարարող արևմտյան երկրների տրամաբանությունը։ Մարիա Զախարովայի խոսքով՝ Արևմուտքը «դժոխային կարուսել» է կազմակերպել Ուկրաինային զենք մատակարարելով։ «Դաշինքի խնդիրը խաղաղության հասնելը չէ, և դա ակնհայտ է»,- ասել է Զախարովան և նշել, որ Ուկրաինային զենք մատակարարելը մարդկանց մահվան պատճառ է դառնում։
«ԳԱԶՊՐՈՄԸ» ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ԵՎ ԼԵՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳԱԶ ՉԻ ՏԱ
«Գազպրոմը» հայտարարել է, որ ամբողջությամբ դադարեցնում է բուլղարական և լեհական ընկներություններին գազի մատակարարումները։ Պատճառը այն է, որ երկու երկրները հրաժարվել են գազի դիմաց վճարել ռուբլով: Գազպրոմը հայտարարել է, որ արդեն ծանուցել է երկրներին մատակարարումը դադարեցնելու մասին: Բուլղարիան և Լեհաստանը դեռ մարտ ամսին հայտարարել էին, որ չեն պատրաստվում վառելիքի համար վճարել ռուբլով։
Ընկերության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ «Գազպրոմ Էքսպորտը» ապրիլի 26-ի գործունեության ավարտի դրությամբ այդ ընկերություններից ապրիլին գազի մատակարարումների համար վճարումներ չի ստացել:
«Գազպրոմը» նաև հիշեցրել է, որ Բուլղարիան և Լեհաստանը տարանցիկ երկրներ են, ուստի «երրորդ երկրներ տարանցման ծավալներից ռուսական գազի չարտոնված դուրսբերման դեպքում տարանցիկ մատակարարումները կկրճատվեն համապատասխան ծավալով»։