Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ապրիլի 25-ին սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել: Երկու տարեկան երեխան հայտնվել է Դեբեդ գետում: Ջուրը քշել է շուրջ 1 կմ: Հետո փոքրիկին անգիտակից վիճակում հայտնաբերել է տեղացիներից մեկը:
Մայրը ոստիկաններին սկզբում հայտնել է, որ երեխան հսկողությունից դուրս մնալու պատճառով կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է գետը: Այնուհետև հաղորդում է տվել, որ կյանքից զրկելու նպատակով մանկահասակ դստերը 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը:
2-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
Փոքրիկին Ալավերդու բժշկական կենտրոնից նախ տեղափոխել են Վանաձոր, հետո՝ Երևան:
Աննա Չոբանյան (Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ) - Տեղափոխությունը երկու հատվածում էլ նորմալ է անցել, երեխան հիմա ծանր վիճակում է, բայց ավելի կայունացած: Ինքնուրույն է շնչում: Թոքերում, իհարկե, կան սպիացող քաղցրահամ ջրով ջրահեղձության հետևանքները, ասպիրացիոն համախտանիշը կա, բայց ինքը գիտակից է, աչքերը բացում է, ինքնուրույն շարժվում է, արյան շրջանառության տեսակետից կայուն է: Բուժումը շարունակում ենք:
Փոքրիկի կյանքին սպառնացող վտանգն արդեն հաղթահարվել է: Այս փուլում բժիշկները զգուշանում են ջրից փոխանցվող հնարավոր վարակի զարգանալուց:
Աննա Չոբանյան - Հիմա արդեն սպառնացող վտանգը մեկն է, կարելի է ասել. ջուրը պարզ է, որ ստերիլ չէ (գետի ջուրը), և դա գնացել է շնչուղիները:
Երկուամյա փոքրիկը բավական ակտիվ է: Բոլոր հարցերին տալիս է մեկ պատասխան՝ թաթիկ: Ձեռքի վրա քերծվածքներ կան: Նրան հատկապես աշխուժացրեց Երևանի քաղաքապետի տեղակալի նվիրած տիկնիկը:
Տեղի ունեցածը փոխքաղաքապետը միաժամանակ համարում է և՛ ողբերգություն, և՛ հրաշք:
Գևորգ Սիմոնյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Բժիշկները պայքարել են և պայքարում են նրա կյանքի համար, հուսանք` վիրաբուժական միջամտության կարիք չի լինի, և կոնսերվատիվ միջոցներով հնարավոր կլինի երեխային վերականգնել: Երեխան գտնվում է կենտրոնի բժիշկների, կենտրոնի տնօրենի, նաև իմ անմիջական հսկողության տակ, մինչև հասկանանք արդեն՝ մնացած հարցերը ոնց են կարգավորվում՝ կապված հարազատների հետ, որովհետև մինչև այս պահը հարազատներից որևէ մեկը կապի դուրս չի եկել:
Որքանով է փոքրիկը գիտակցում իր հետ տեղի ունեցածը, դա ինչպես կարող է անդրադառնալ նրա հոգեվիճակի վրա, ինչ կարելի է խոսել երեխայի ներկայությամբ և ինչ՝ ոչ: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենն ասում է՝ հաստատությունը նաև հոգեբան ունի, որն աշխատում է բարդ հոգեբանական վիճակում հայտնված երեխաների հետ: Այս պարագայում դեռ դրա անհրաժեշտությունը չի զգացվել:
Նիկոլայ Դալլաքյան (Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն) - էդպիսի լուրջ աշխատանքի կարիք նման իրավիճակում չի լինում, մեր անձնակազմը այնքան հմուտ և այնքան փորձառու է, այնքան շատ է շփվել նմանատիպ դառը իրավիճակների հետ, որ յուրաքանչյուրը տվյալ իրավիճակում որպես կին, որպես մայր կամ տատիկ ամենաբարի զգացմունքները դրսևորում է նմանատիպ երեխաների հանդեպ: Նրբություններ կան, որոնց տիրապետում են մասնագետները: Ցավոք սրտի, արդեն այդպիսի սթրեային վիճակում երեխաների հետ աշխատանքի շատ մեծ փորձ է կուտակվել:
Երկու տարեկան փոքրիկին գետը գցելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով: Նրա 30-ամյա մայրը ձերբակալվել է: Հոգեկան առողջության խնդիրներ ունի թե ոչ՝ պաշտոնական մեկնաբանություն դեռ չկա: Համապատասխան փորձաքննության համար ժամանակ է անհրաժեշտ: