Ընդամենը 6 ժամ և հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը պատրաստ է մեկնել օգնության: Ուղղությունը՝ Աֆրիկայի արևելք, որտեղ 9-10 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Սա պայմանական սցենար է, որը խաղարկում է ԱԻՆ-ի հատուկ թիմը: Գերատեսչությունը 36-ժամյա վարժանք է իրականացնում՝ ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ INSARAG-ի չափորոշիչներով:
Արմեն Փամբուխչյան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար) - Այստեղ են շվեյցարացի մենթորները, որոնք համակարգում են վարժանքը, իրենց գնահատականները կտան, այս պահի դրությամբ չունենք տեղեկություն ինչ գնահատականներ ենք ստացել, բայց ինչ էլ որ ստանանք ժամանակ ունենք մինչև սեպտեմբեր դրանք շտկելու համար:
Մինչև սեպտեմբեր, քանի որ որակավորման վարժանքն անցկացվելու է այդ ժամանակ՝ հիմա նախնական փուլն է: Վարժանքի նպատակն է ստուգել, թե թիմը ինչպես է իրականացնելու հումանիտար իր առաքելությունը արտերկրում՝ ստուգում են ազդարարումից, մինչև ավարտ ամեն ինչ:
Հովհաննես Եմիշյան (ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ) - Պետք է ունենաս համապատասխան գույք, միջոցներ և գիտելիքներ, որ կարողնաաս տեղում կողմնորոշվել և իրականացնել ճիշտ արձագանքում: Դա և տեղամասում մեր փրկարարական բազայի հիմնելն է, հետախուզության իրականացում և կոնկրետ որոնողական և փրկարարական աշխատանքների իրականացումը:
INSARAG-ի հայկական 50 հոգանոց թիմին զուգահեռ, ԱԻՆ-ը ստեղծել է նաև 5 նմանատիպ ներքին խմբեր, որոնք նույն չափորոշիչներով աշխատում են մեր երկրում: Անդամակցումը INSARAG-ին հայկական կողմի համար ավելի կարևոր է միջազգային փորձն ու համակարգը օգտագործելով ներքին կարողությունները զարգացնելու համար՝ ընդգծում է ՓԾ տնօրենի տեղակալը: Վարժանքի արդյունքներից տպավորված է նաև համակարգող շվեյցարական կողմը:
Դեյվիդ Սոխոր (Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հումանիտար աջակցության արագ արձագանքման ղեկավար) - Թիմը՝ հատկապես փրկարարները, շատ պրոֆեսիոնալ էին, ու շատ լավ թիմ ունեք: Նրանց հաջողվել է սահմանված միջազգային չափորոշիչներին համապատասխանել իրենց արդյունքներով: Վաղը մենք կքննարկենք, թե ինչպես կատարելագործել որոշ գործողություններ:
Որոնողափրկարարական թիմի վերորակավորման աշխատանքները կանցկացվեն սեպտեմբերի 1-4-ը: Ի դեպ, Հայաստանը տարածաշրջանում առաջինն ու միակն է, որ անդամակցում է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբին: Սա կլինի Հայաստանի առաջին վերաորակավորումը: