Ուկրաինան պատրաստ է գրավել Մերձդնեստրը՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը՝ գրում է УНИАН-ը։
«Մերձդնեստրն ինքնիշխան Մոլդովայի տարածքն է, և միայն մոլդովական կողմի խնդրանքով կարող ենք այն գրավել։ Մենք կարող ենք գլուխ հանել, եթե անհրաժեշտ լինի»,- Արեստովիչը պատասխանել է հարցին, թե Ուկրաինան ի վիճակի՞ է գրավել այդ շրջանը։
Վերջին օրերին մի քանի ահաբեկչություն է տեղի ունեցել չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում։ Տիրասպոլում ականանետով հարձակում է կատարվել պետական անվտանգության նախարարության շենքի վրա, Մայակ գյուղում պայթեցրել են ռադիոհաղորդիչ ալեհավաքներ, պայթյուններ են լսվել նաև Պարկանի գյուղում։
Մերձդնեստրի ՆԳՆ-ն հայտնել է ուկրաինական կողմից կրակոցների մասին Կոլբասնա գյուղի ուղղությամբ, որտեղ տեղակայված են ռազմական պահեստներ։
Հանրապետությունում ահաբեկչական վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարվել: