Ռուսաստանում պատիժը կրող ամերիկացի ուսանող Թրեվոր Ռիդի փոխանակումը ռուս օդաչու Կոնստանտին Յարոշենկոյի հետ որևէ կերպ չի ազդի Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունների վրա, այն չի բարելավի ԱՄՆ-ի վերաբերմունքը Ուկրաինայում իրականացվող Ռուսաստանի հատուկ գործողությանը: Այն մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին, որը նաև նշել է, որ բանակցությունները սահմանափակվել են մեկ թեմայով՝ կալանավորների փոխանակումով։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը փոխանակման մասին հայտարարել է ապրիլի 27-ին։ Տեղեկությունը հաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Տեխասցի ուսանող Թրեվոր Ռիդը 2020 թվականին Մոսկվայում դատապարտվել է ինը տարվա ազատազրկման։ 2019 թվականի օգոստոսին նա հարձակվել էր ոստիկանների վրա, որոնց կանչել էին շենքի բնակիչները՝ հարբած Ռիդին հանգստացնելու համար։ Ճանապարհին ուսանողը ոստիկանության մեքենայում հարձակվել էր նաև իրավապահների վրա:
Կոնստանտին Յարոշենկոն ԱՄՆ-ում բանտարկվել է 2011 թ.: Նրան մեղադրել են թմրանյութերի մաքսանենգության մեջ և դատապարտել 20 տարվա ազատազրկման։ Յարոշենկոն ԱՄՆ է բերվել Լիբերիայից, որտեղ ձերբակալվել է 2010 թվականի մայիսի 28-ին։