ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելություն իրականացրած պատվիրակության ներկայացուցիչներին:
Խոսելով այցի նպատակից՝ 2021 թ. արտահերթ ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մըրֆին նշել է, որ Հայաստանում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատրաստած վերջնական զեկույցը ներկայացնելու համար:
Հանդիպմանը զրուցել են Հայաստանում խորհրդարանական դիվանագիտության կարևոր նշանակությունից` քննարկելով նաև ժողովրդավարական երկրների խորհրդարաններում իշխանություն-ընդդիմություն գործակցության և փոխազդեցության ձևերը:
ԱԺ նախագահն անդրադարձել է 2021 թ. հունիսի 20-ի ընտրություններին հաջորդած ժամանակաշրջանին առնչվող օրենսդրական փոփոխություններին և Հայաստանում ժողովրդավարության ներկա վիճակին առնչվող հարցերին:
Անդրադարձ կատարելով տարածաշրջանի անվտանգության խնդիրներին` ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դերը` որպես կարևոր հարթակ ԵԱՀԿ տարածաշրջանում վստահությունն ամրապնդելու համար` ուշադրություն հրավիրելով ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից արված ագրեսիվ հայտարարություններին:
Նա փաստել է, որ տարածաշրջանում խաղաղության կարելի է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջոցով, որը պետք է ներառի Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա:
Կողմերը խոսել են նաև ընտրական համակարգերի միջազգային չափորոշիչներից՝ այս համատեքստում դիտարկելով հայաստանյան համապետական ընտրությունների արձանագրած ձեռքբերումները: