Դոնբասի հրետակոծությունը շարունակվում է։ Ռուսական զորքերը փորձում են լիակատար վերահսկողություն հաստատել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների նկատմամբ: Ըստ ուկրաինական իշխանությունների՝ գնդակոծվում են փոքր գյուղերը, ինչպես նաև երկաթուղիներն ու այլ ենթակառուցվածքներ։ Նպատակն է դադարեցնել կամ գոնե դանդաղեցնել արևմտյան զենքի մատակարարումը Ուկրաինայի արևելք՝ գրում է Euronews-ը։
Միաժամանակ, ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ հարվածներ է հասցնում միայն ռազմական օբյեկտներին։ Գերատեսչությունից հայտնել են, որ երեքշաբթի կրակել են դրանցից 32-ի վրա, ոչնչացրել են երկու Buk-M1 զենիթահրթիռային համակարգեր։
Ռուսական բանակի թիրախում է նաև Ուկրաինայի հարավը: Ռուսական զինուժը նախօրեին կրակել է Օդեսայի մարզում Դնեստրի կամրջի ուղղությամբ, որը տանում է Ռումինիա։ Իսկ օկուպացված Խերսոնում, ըստ Կիևի, շուտով կկազմակերպվի այսպես կոչված «Խերսոնի ժողովրդական հանրապետության» ստեղծման հանրաքվե։