Կարո Փայլան (Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր) - Դժբախտաբար, հիմա բոլորը կբոռան: Նախագահն ասաց, որ սա դավաճանություն է, և որ այս տեսակ պատգամավոր պետք չէ, որ լինի խորհրդարանում: Նրա ազգայնական ընկերն էլ նույն բանը ասաց. հիմա, դժբախտաբար, վտանգի տակ եմ:
Թուրքիայի իշխանության ճնշումներն առավել ցայտուն են դրսևորվում ամեն տարվա ապրիլի 24-ին, երբ մեջլիսի հայազգի ընդդիմադիր պատգամավոր Կարո Փայլանը Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացնում: «Լուրեր»-ի հետ զրույցում Փայլանը առանձնացրեց օրինագծի հիմնական դրույթները.
Կարո Փայլան - Առաջինը՝ Թուրքիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն է, երկրորդը՝ իհարկե կան նաև այլ պատասխանատուներ, բայց ցեղասպանության գլխավոր պատասխանատուների՝ Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաների անունների հեռացումն է դպրոցներից, ճանապարհներից, կենտրոններից:
Փայլանի խոսքով՝ ցեղասպանությանն ընդդիմացած թուրք պաշտոնյաների անուններով պետք է անվանակոչել հանրային տարածքներ: Նախագիծն առաջարկում է նաև ցեղասպանությունից տուժածներին և նրանց ընտանիքի անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել՝ որպես ներողություն խնդրելու փոքր, բայց կարևոր քայլ: Երբ մեջլիսում ասում են, որ նման նախագծերը կամ թեմաները վիրավորում են թուրքերին, Փայլանը պատասխանում է, որ միակ վիրավորանքը ուրացումն է: Թեպետ Թուրքիայի խորհրդարանն այս անգամ էլ մերժեց Փայլանի նախագիծը՝ պատճառաբանելով, թե այն չի համապատասխանում ներքին ընթացակարգին, Փայլանի դիրքորոշումը հստակ է.
Կարո Փայլան - Ասացի, որ սա ԱՄՆ խորհրդարանի գործը չէ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Արժանտիի խորհրդարանների գործը չէ: Մենք պետք է խոսենք: Այս ոճիրը եղավ Թուրքիայում, և մեր վերքը բուժվելու համար կա մեկ խորհրդարան՝ դա Թուրքիայի խորհրդարանն է:
Փայլանը դրական և կարևոր է գնահատում Թուրքիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ աջակից լինելով իր ուժերի չափով: Թուրքիայի հայազգի պատգամավորը ցավով է նշում որպես առաջին քայլ ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու՝ Հայաստանի առաջարկը Թուրքիայի կողմից անարձագանք թողնելը:
Կարո Փայլան - Թուրքիան հիմա որդեգրել է ոչ թե ժողովրդավար, այլ ազգայնական ճանապարհը և Թուրքիայում ամեն տեսակ ժողովրդավարություն կորցնում ենք. քուրդերին, ընդդիմադիր բոլոր ընկերներիս Էրդողանը բանտարկում է: Մեզ վրա ճնշում կա, բայց ես հույս ունեմ Հայաստան-Թուրքիա գործընթացների կարգավորման համար:
Իհարկե, դժվար ժամանակներ ենք ապրում, և բազմաթիվ հարցերի շուրջ մտահոգություններ կան,- ասում է Փայլանը,- բայց ես չեմ կորցնում հույսս, որ ամեն ինչ կկարգավորվի, և մեր պայքարն ապարդյուն չի լինի:
Հեղինակ՝ Էդուարդ Հովհաննիսյան