ԷՐԴՈՂԱՆԸ ԲԱՅԴԵՆԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՎԵԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ
ԱՄՆ նախագահի հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ Անկարայի համար նշանակություն չունեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` դրանք որակելով կեղծ: Նա Ջո Բայդենին խորհուրդ է տվել ուսումնասիրել պատմությունը։ «Մենք չենք կարող ներել Թուրքիային ուղղված նման մեղադրանքները: Թուրք և հայ ժողովուրդների միջև թշնամանք հրահրող այս կեղծավորությունից ամենամեծ վնասը հայերն են կրում»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան հպարտանում է իր պատմության ամեն մի օրով, և այնտեղ ամոթալի դեպք հնարավոր չէ գտնել: Առանց անուն նշելու՝ Էրդողանն անդրադարձել է նաև Գարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Թուրքիայի խորհրդարան ներկայացրած օրինագծին։ Նա այդ քայլը որակել է «հանդգնություն» և «դավաճանություն»։
ՀԵՐՔՎԵԼ ԵՆ ԲԱՔՎԻ՝ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ՌՈՒԲԼՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, հերքել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու մասին լուրերը։ «Լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Ադրբեջանը Ռուսաստանից ներկրվող գազի դիմաց ռուբլով կվճարի։ Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել են ընկերությունում։
Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը հայտնել էր, որ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ ակտիվորեն անցնում է ազգային արժույթներով հաշվարկների:
ԶԵԼԵՆՍԿՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱՐԱՄԵՐԺ ԵՆ. ԼԱՎՐՈՎ
Վաշինգտոնը և Լոնդոնը խորհուրդ են տալիս Ուկրաինայի նախագահին խստացնել Կիևի դիրքորոշումը Մոսկվայի հետ բանակցություններում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը հետաքրքրված չէ Ռուսաստանի հետ շփումներով՝ ո՛չ Ուկրաինայի, ո՛չ այլ հարցերի շուրջ, թեև նման երկխոսությունը կարող է օգտակար լինել։ Սերգեյ Լավրովի խոսքով՝ ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք մատակարարելով, ըստ էության, միջնորդավորված պատերազմի մեջ է մտնում Ռուսաստանի հետ։
Դիվանագետն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքին, նշել՝ Կիևը փոխել է Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ իր դիրքորոշումը, իսկ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունները հաճախ իրարամերժ են։
Նա զգուշացրել է՝ բարի կամքն անսահմանափակ չէ, հիշեցրել՝ Մոսկվան անցած շաբաթ Կիևին է ներկայացրել հնարավոր խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը՝ հաշվի առնելով Ուկրաինայի մեկնաբանությունները։
«Զելենսկին հայտարարել է, որ ոչ մի փաստաթուղթ չի տեսել։ Երբ մենք ուկրաինական պատվիրակությունից հարցրինք՝ ինչու նախագահը տեղյակ չէ փաստաթղթի մասին, մեզ պատասխանեցին՝ նա ժամանակ չուներ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ ինչպես է Ուկրաինայի նախագահը վերաբերվում բանակցություններին», - ընդգծել է Լավրովը։
ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԵՎ ՇՎԵԴԻԱՆ ՀԱՅՏ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՄԱՅԻՍԻՆ
Ֆինլանդիան և Շվեդիան ծրագրում են ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնել մայիսին՝ չսպասելով դաշինքի՝ հունիսին նախատեսված գագաթնաժողովին, հայտնում է The Guardian պարբերականը։
Ավելի վաղ՝ երկու երկրի վարչապետները հայտարարել էին, որ ցանկանում են արագացված ընթացակարգով դիմել Հյուսիսատլանտյան դաշինք՝ չնայած Մոսկվայի հնարավոր վրդովմունքին, շեշտել՝ Հելսինկին և Ստոկհոլմը պետք է պատրաստ լինեն պաշտպանվելու Ռուսաստանի գործողություններից։
Պաշտոնական Մոսկվան նախազգուշացրել է՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացասական ազդեցություն կունենա Եվրոպայի հյուսիսում խաղաղության, ինչպես նաև Ռուսաստանի հետ այդ երկու երկրի հարաբերությունների վրա։
ՔԱՎԱԼԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Թուրքիայի դատարանը առանց ներման իրավունքի ցմահ ազատազրկման է դատապարտել 65-ամյա հասարակական գործիչ, իրավապաշտպան Օսման Քավալային։ Նա մեղադրվում է հեղաշրջման փորձ կատարելու համար։ Լրատվամիջոցների հաղորդմամբ` նույն գործով անցնող ևս 7 մեղադրյալ 18 տարվա ազատազրկման է դատապարտվել: Դատարանի որոշումը խիստ քննադատության է արժանացել, այդ թվում՝ արևմտյան դիվանագետների կողմից։
Թուրքիայի դատախազությունը պնդում էր, որ 2017 թվականի նոյեմբերից առանց դատավճռի անազատության մեջ գտնվող Օսման Քավալան ֆինանսավորել է 2013 թվականի ամռանը տեղի ունեցած լայնածավալ բողոքի ակցիաները։