ՄՈՍԿՎԱՆ ՍՊԱՍՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ. ԼԱՎՐՈՎ
Ռուսաստանը հանդես է գալիս Ուկրաինայի շուրջ իրավիճակի բանակցային լուծման օգտին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Կիևի հետ շփումները շարունակվում են փորձագիտական խմբերի մակարդակով, նշել՝ ուկրաինական կողմն այդքան էլ հետաքրքրված չէ բանակցություններով։
«Եթե Կիևը շարունակի իր գործելաոճը, դժվար թե արդյունք գրանցվի։ Մոսկվան սպասում է ուկրաինական կողմի արձագանքին՝ ի պատասխան մոտ 10 օր առաջ նրան փոխանցված մեր գրավոր առաջարկների», - հավելել է նախարարը։
Լավրովը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայում ստեղծված իրադրությունը ՆԱՏՕ-ի ընդլայնման արդյունքն է։
Գուտերեշն իր հերթին նշել է, որ տեղյակ է՝ Ռուսաստանը որոշակի պահանջներ ունի, սակայն կարծում է, որ վիճելի հարցերը պետք է լուծվեն ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։
«Կազմակերպությունը պատրաստ է ռեսուրսներ տրամադրել Մարիուպոլից, այդ թվում՝ «Ազովստալ» գործարանից խաղաղ բնակիչներին տարհանելու համար։ Ուկրաինայում միջազգային իրավունքի խախտման դեպքերը պետք է հետաքննվեն», - շեշտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Նա ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ը չի դարձել նորմանդական ձևաչափի մաս՝ կարգավորելու Ուկրաինայում իրավիճակը։
ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարցը, հայտնում են Կրեմլից։ ՌԴ նախագահը տեղեկացրել է, որ Մարիուպոլ քաղաքը գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ:
«Այնտեղ մարտական գործողություններ չեն ընթանում։ Կիևը պետք է հրաման տա «Ազովստալում» շրջափակված ուկրաինացի զինծառայողներին` վայր դնել զենքը», - նշել է Պուտինը։
Կողմերը պայմանավորվել են նաև շարունակել երկու երկրի պաշտպանական գերատեսչությունների մակարդակով գործակցությունը Սև ծովի նավահանգիստներից ռուսական կողմի բացած ծովային հումանիտար միջանցքով թուրքական նավերի անվտանգ դուրս գալու համար։
Էրդողանը հավաստիացրել է, որ Անկարան կշարունակի ջանքեր գործադրել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար, կրկին առաջարկել կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը։
Ուկրաինական կողմն արձագանքել է Մարիուպոլի մասին Վլադիմիր Պուտինի հայտարարությանը․
««Ռուսաստանը 2 ամիս կռվելուց հետո ասում է, թե գրավել է Մարիուպոլը՝ բացի «Ազովստալից», որը Մարիուպոլի 1/5 մասն է կազմում։ Կեղծ երկիր, կեղծ հաղթանակներ»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։
ՄԵՐՁԴՆԵՍՏՐՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԵՐԵՔ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
Ինքնահռչակ Մերձդնեստրի Հանրապետության անվտանգության խորհուրդը հաստատել է՝ ապրիլի 25-ին և 26-ին չճանաչված հանրապետության տարածքում ահաբեկչական երեք հարձակում է տեղի ունեցել․ արդյունքում տուժել են մայրաքաղաք Տիրասպոլում պետանվտանգության նախարարության շենքը, Փարքանի գյուղի շրջանում գտնվող զորամասը․ շարքից հանվել է Մայակ գյուղի մերձակայքում ռուսական ռադիոկայաններ հեռարձակող երկու աշտարակ։ Չեղյալ են հայտարարվել մայիսի 9-ին նախատեսված միջոցառումները:
Հանրապետության ողջ տարածքում ահաբեկչական վտանգի «կարմիր» ռեժիմ է սահմանվել։
Մերձդնեստրի ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին հայտարարել է, որ ահաբեկչական հարձակումների հետքերը տանում են Ուկրաինա:
«Ենթադրում եմ՝ սա Մերձդնեստրին հակամարտության մեջ ներքաշելու փորձ է», - նշել է պաշտոնյան:
Քիշնևում այլ կարծիք ունեն: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի պնդմամբ՝ ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը կրում են քաղաքական ուժերը:
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿԻԵՎԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
Վաշինգտոնի նախաձեռնությամբ Գերմանիայում գտնվող ամերիկյան Ռամշտայն ավիաբազայում տեղի է ունեցել մոտ 40 երկրի ներկայացուցիչների հանդիպումը․ կողմերը քննարկել են Կիևին ռազմական օգնությունը շարունակելու տարբերակները: Խորհրդակցությանը մասնակցել է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Վաշինգտոնը՝ գործընկերների և դաշնակիցների հետ, ավելի քան 5 միլիարդ դոլարի սարքավորումներ է փոխանցել Կիևին։
«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու. Ուկրաինային պետք է մեր օգնությունը և պետք կլինի, երբ պատերազմն ավարտվի», - նշել է պաշտոնյան:
Նա նաև հնարավոր է համարել հետագայում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը։ Օսթինի խոսքով՝ դաշինքը չի հրաժարվի բաց դռների քաղաքականությունից։
Պենտագոնից հայտնել են նաև, որ հիմքեր չկան կարծելու, թե Ուկրաինայում հակամարտությունը կվերաճի միջուկային բախման։
«Համաձայն եմ պարոն Լավրովի հետ՝ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և չենք փոխի միջուկային զսպման ուժերի պատրաստվածության մակարդակը», - նշել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ միջուկային պատերազմն անընդունելի է, դա Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն է։