Հայաստանում անասնաբույժների պակաս կա: Եղած մասնագետներն էլ չեն ցանկանում գործ ունենալ խոշոր եղջերավոր կենդանիների հետ: Հատկապես մեծ է հավաստագրված դաշտային անասնաբույժի կարիքը: Միայն անասնաբուժական դիպլոմը բավարար չէ` ասում է էկոնոմիկայի նախարարի տեղակալը: Խնդիրը փորձում են լուծել օրենսդրական փոփոխություններով:
Տիգրան Գաբրիելյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Էկոնոմիկայի նախարարությունը անասնաբուժության մասին օրենքում իրականացնում է փոփոխություններ, որտեղ լիցենզավորելու է մասնավոր անասնաբույժների կամ դաշտում աշխատող անասնաբույժների:
Հիմա Հայաստանում յուրաքանչյուր անասնապահ այս կամ այն հիվանդության դիմաց, հարևանի կամ բարեկամի խորհրդով կենդանուն փորձում է բուժել` տեղի-անտեղի հակաբիոտիկներ ներարկելով: Պատվաստանյութեր, հակաբիոտիկներ գնելու և ներարկելու իրավունքը կտրվի միայն հավաստագրված անասնաբույժին, որոնք էլ կորոշեն` որ կենդանուն ինչպես բուժեն կամ երբ թույլատրեն մորթը:
Տիգրան Գաբրիելյան - Դա մի կողմից վնասում է՝ մարդկային առողջության հետ կապված խնդիրներ ենք ունենում, քանի որ հակաբիոտիկների օրգանիզմից դուրսբերման կա նաև ժամանակահատված, չեն պահվում ժամանակահատվածները, և հակաբիոտիկներով հարուստ միսը հայտնվում է մեր սեղաններին:
Գեորգի Ավետիսյան (ՍԱՏՄ ղեկավար) - Անասնաբույժներ երբ որ կենդանի վաճառելու համար տալիս են վկայական, արդեն իրենք վստահ կլինեն, որ իրենց տված անասնաբուժական վկայականը կլինի իրականություն, և վերահսկող մարմինը կհասկանա, որ այդ վկայականին կարելի է վստահել:
Միայն հավաստագրված անասնաբուժությունը քիչ է: Կաթնամթերքի ու մսամթերքի վերահսկողությունը կհեշտանա, երբ անասնագլխաքանակը համարակալվի ու հաշվառվի:
Գեորգի Ավետիսյան - Մենք կկարողանանք վերահսկել կենդանիների շարժը՝ ապահովելով անասնահամաճարակային ավելի կայուն վիճակ:
Անասնաբույժների պակասը լրացնելու նպատակով հիմա դաշտային պատվաստումներն իրականացնում են Ագրարային համալսարանում վերապատրաստված մասնագետները: Սակայն նրանք անասնաբույժ չեն համարվում: Հիմա և՛ անասնաբույժների, և՛ պատվաստողների աշխատանքին հետևում են օնլայն՝ յուրաքանչյուր պատվաստում հեռախոսային հավելվածի միջոցով գրանցվում է միասնական համակարգում: Խիստ վերահսկողության շնորհիվ այս տարի ևս հնարավոր է եղել ապահովել Իրան, Կատար, Քուվեյթ, Հորդանան, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ կենդանիների ու մսի արտահանումը: