ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին:
Մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված լինելու հիմքով սոցիալական աջակցության հավասար պայմաններ ապահովելու համար նույնացվում են աշխատանքային, զինվորական կենսաթոշակների, նպաստների իրավունք տվող պայմանները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը տեղեկացրեց, որ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել:
«Ներկայումս ունենք դեպքեր, երբ ժամկետային զինծառայողի հաշմանդամության զինվորական նպաստը լինում է ավելի բարձր, քան, օրինակ՝ պայմանագրային սերժանտի դեպքում: Առաջարկում ենք, որ այն սահմանվի նվազագույն կենսաթոշակից ոչ պակաս չափով, այսինքն՝ ըստ կոչումների և կարգավիճակի, այդ հարցը լուծում ենք ըստ տրամաբանության: Այսինքն՝ չի կարող լինել մի իրավիճակ, որ ժամկետայինը պայմանագրայինից ավելի բարձր ստանա, շեմ ենք դրել, որ բոլորը դրանից բարձր լինեն: Մոտավորապես նույն փոփոխությունը կատարում ենք կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի չափի մասով»,- ասաց Խաչատրյանը: