Իրավապահ ո՛ր մարմնի աշխատակցի անփութությամբ է Հայաստանը լքել «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավոր, այժմ կաշառքի գործով մեղադրյալ Սամվել Ուզունյանը: Քննչական կոմիտեն մեղադրում է Ուզունյանի կաշառքի գործը քննած Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին ու նրա անմիջական ղեկավարին, իսկ Հակակոռուպցիոնը մեղադրանքը ոչ իրավաչափ է որակում: Ամիսներ առաջ լուծարված Հատուկ քննչական ծառայության քննիչները, որոնք այժմ աշխատում են նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեում, մեղադրվում են պաշտոնեական անփութության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախկին դատավոր Սամվել Ուզունյանը, որը մեղադրվում է խարդախության, 51 հազար դոլար կաշառք ստանալու համար, միջազգային հետախուզման մեջ է 2019 թվականից: Քրեական գործը, սակայն, կասեցված է՝ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:
Այժմ այն մասին, թե ինչպես է Ուզունյանը հեռացել երկրից:
Դատախազությունը 2019-ի դեկտեմբերի 20-ին Ուզունյանի նկատմամբ հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ և նույն օրը ստացել համաձայնություն:
Այդ որոշման մասին անմիջապես տեղեկացվել էր ՀՔԾ-ի համապատասխան վարչության պետը:
Վանանդ Ասատրյան (Երևանի դատախազության դատախազ) - Սակայն համապատասխան ՀՔԾ վարչության պետը, ինչպես նաև նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչը հրաժարվել են անմիջապես ստանալ վերոնշյալ որոշումները՝ պատճառաբանելով, որ որոշումները կստանան հաջորդ օրը առավոտյան:
Հենց այդ օրն էլ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար Սամվել Ուզունյանը որոշել է մեկնել Հայաստանից և գնել Երևան-Մոսկվա չվերթի հաջորդ օրվա տոմս: ԱԱԾ աշխատակիցը, տեղեկանալով այդ մասին, հայտնել է ՀՔԾ վարչության պետին:
Վանանդ Ասատրյան - Համապատասխան վարչության պետը, քաջատեղյակ լինելով, որ արդեն իսկ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից կայացվել է որոշում նախկին դատավոր Սամվել Ուզունյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ուժային կառույցի աշխատակցին ասում է, որ դեռևս դատախազությունից փաստաթղթերի տրամադրումը ձգձգվում է:
Որոշ ժամանակ հետո, երբ ԱԱԾ աշխատակիցը կրկին զանգահարում է՝ հասկանալու, թե ինչ է որոշվել, վարչության պետը հայտնում է, թե օրենքով որևէ հիմք չունեն նախկին դատավորի ելքը Հայաստանից սահմանափակելու համար: ՀՔԾ ավագ քննիչն էլ տեղեկացված լինելով, որ Ուզունյանը փորձում է փախուստի դիմել, որևէ ձևով չի արձագանքել դրան, այնինչ դրա համար ուներ բավարար գործիքակազմ՝ պնդում է հսկող դատախազը:
Վանանդ Ասատրյան - Կարող էր վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը, որով հնարավոր կլիներ ՀՀ Կառավարության 2006 թ. թիվ 884-Ն որոշմամբ՝ սահամանափակել վերջինիս ելքը ՀՀ-ից:
Ըստ դատախազի՝ քննիչը պետք է հանձնարարեր ոստիկանությանը բերման ենթարկել փախուստի փորձ կատարող Սամվել Ուզունյանին:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Մուշեղ Բաբայանը՝ հղում կատարելով Կառավարության համապատասխան որոշմանը, նշում է՝ ըստ կարգի ՍԷԿՏ համակարգում անձի սահմանահատումը արգելափակվում է միայն նրա նկատմամբ ստորագրություն, գրավ և կամ երաշխավորության մասին խափանման միջոց ընտրելու դեպքում:
Մուշեղ Բաբայան (Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար) - Այս պարագայում նախկին դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցման իրավասությունը ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վերապահված է միայն գլխավոր դատախազին կամ նրա հանձնարարությամբ տեղակալին:
Խափանման միջոցի մասին որոշումը հենց դատախազի կողմից պետք է լիներ, ինչը չի եղել, համոզված է Բաբայանը: Իսկ ինչու Ուզունյանի փախուստի փորձը կանախելու համար չեն դիմել հետաքննական մարմնին՝ նրան բերման ենթարկելու համար, Բաբայանը կրկին հղում է կատարում օրենքին:
Մուշեղ Բաբայան - Նման հնարավորություն ընձեռում է միայն հանցանք կատարելու պահին կամ այն կատարելուց անմիջապես հետո բռնված դատավորի նկատմամբ: Այսինքն՝ այս իրավակարգավորման պարագայում ևս ակնհայտ է քննիչին առաջադրված մեղադրանքի ոչ իրավաչափ լինելը:
Դատախազ Ասատրյանի պնդմամբ՝ ՀՔԾ համապատասխան վարչության պետի և նույն վարչության ավագ քննիչի անգործության հետևանքով անզգուշությամբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Մուշեղ Բաբայանը ևս կարծում է՝ Ուզունյանի՝ սահմանը հատելու փաստը մի շարք խախտումների հետևանք է, բայց պետք է պարզել, թե ում մեղքով: Վարչության պետի և քննիչի գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել դատարան: Եվ հենց այս ատյանում էլ կքննվի, թե, ի վերջո, ում պատճառով «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորը հատեց պետական սահմանը, այն էլ, երբ նրա պայուսակում հայտնաբերվել էին փամփուշտներ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան