Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկու երկրի տնտեսական գործակցության զարգացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության ապաշրջափակման հարցերը:
Ալիևը հայտնել է, որ հաջորդ տարի ադրբեջանական կողմը կավարտի իր տարածքում երկաթուղու մի մասի շինարարությունը, որը երկիրը կկապի Նախիջևանի հետ: Նա հստակեցրել է, որ 100 կմ ընդհանուր երկարությամբ այդ երկաթուղային մայրուղու 60 կմ-ն արդեն կառուցվել է։
«Ինչ վերաբերում է ավտոմոբիլային ճանապարհին, ապա ադրբեջանական կողմից աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
ՄՈՍԿՎԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ. ԼԱՎՐՈՎ
Ուկրաինայում իրավիճակը բազմաթիվ խնդիրներ է վեր հանել, որոնք տասնամյակներ շարունակ կուտակվել են Եվրատլանտյան տարածաշրջանում՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը։
Ռուսաստանի գլխավոր դիվանագետը ևս մեկ անգամ ընդգծել է՝ Մոսկվան պատրաստ է երկխոսության։
Գուտերեշը, իր հերթին, նույնպես ընդգծել է հակամարտությունը բանակցային ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։ «Այսօր առկա բարդ իրավիճակի պատճառով մենք տարբեր պատկերացումներ ունենք Ուկրաինայում զարգացումների վերաբերյալ»,- նշել է նաև և հավելել է, որ ՄԱԿ-ը ցանկանում է նվազագույնի հասցնել Ուկրաինայում ճգնաժամի բացասական հետևանքները ողջ աշխարհի համար։
Նախատեսված է կազմակերպության գլխավոր քարտուղարկի հանդիպումը նաև Վլադիմիր Պուտինի հետ, իսկ ապրիլի 28-ին Գուտերեշը կմեկնի Կիև, որտեղ կհանդիպի Վոլոդիմիր Զելենսկու հետ։
ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ հայտնում են Կրեմլից։
Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ Էրդողանը հավատացրել է, որ Անկարան կշարունակի ջանքեր գործադրել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար։ Նա մատնանշել է հրադադարի, հումանիտար միջանցքների գործարկման կարևորությունը։ Թուրքիայի նախագահը կրկին առաջարկել է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը։
«Ռեջեփ Էրդողանը կարծիք է հայտնել, որ Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների խորհրդակցությունների արդյունքում դրական արդյունք է գրանցվել, որի ամրագրումը բխում է բոլոր կողմերի շահերից»,- ասված է նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։
ԿՐԵՄԼԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՄԵՐՁԴՆԵՍՏՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ. ՊԵՍԿՈՎ
Ապրիլի 25-ին անհայտ անձինք նռնականետներով կրակել են մայրաքաղաք Տիրասպոլի պետական անվտանգության նախարարության շենքի վրա։ Ապրիլի 26-ին ևս երկու պայթյուն է արձանագրվել Մայակ գյուղում, ինչի հետևանքով շարքից հանվել են ռուսական ռադիոկայաններ հեռարձակող երկու աշտարակ։
Դեպքերին արձագանքել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Կրեմլն ուշադիր հետևում է Մերձդնեստրում ստեղծված իրավիճակին, իսկ շրջանառվող լուրերը մտահոգիչ են: «Վլադիմիր Պուտինի և Մոլդովայի առաջնորդ Մայա Սանդուի միջև շփումներ դեռևս նախատեսված չեն»,- ընդգծել է պաշտոնյան։
Նշվում է, որ Մոլդովայի նախագահը Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստ կանցկացնի՝ չճանաչված Մերձդնեստրում էսկալացիայի հետ կապված։
Մերձդնեստրի ողջ տարածքում ահաբեկչական վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է սահմանվել։
Պենտագոնից էլ հայտնել են, որ դեռ վաղ է ասել՝ ով է պատասխանատու Մերձդնեստրում պայթյունների և դրանց հետևանքների համար։
ԼԵՀԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ՌՈՒԲԼՈՎ ՉԻ ՎՃԱՐԻ
Լեհաստանը ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումներ չի անի: Այս մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների հարցերով լիազոր Պյոտր Նաիմսկին:
Նրա խոսքով՝ Լեհաստանը պատրաստ է հնարավոր ռիսկերին: «Մենք ի վիճակի ենք ցանկացած պահի և անհրաժեշտության դեպքում հրաժարվել Ռուսաստանի մատակարարումներից»,- եզրափակել է Նաիմսկին:
ԿԺԴՀ-Ն ԿԸՆԴԼԱՅՆԻ ԵՎ ԿԶԱՐԳԱՑՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԻՆԱՆՈՑԸ
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը Կորեայի ժողովրդական բանակի ստեղծման 90-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Փհենյանը միջոցներ կձեռնարկի միջուկային զինանոցի ընդլայնման ու զարգացման ուղղությամբ:
Նրա խոսքով՝ եթե որևէ պետություն ոտնձգություն իրականացնի Փհենյանի հիմնարար շահերի դեմ, ԿԺԴՀ միջուկային ուժերը այլ տարբերակ չեն ունենա, քան անսպասելի պատասխան տալ դրան:
«Մենք կոչնչացնենք ցանկացած ուժ, որը կփորձի ռազմական հակամարտություն սկսել Հյուսիսային Կորեայի հետ»,- հայտարարել է Կիմ Չեն Ընը։