Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, քննարկել իրավիճակն Ուկրաինայում՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Անդրադառնալով Մարիուպոլին՝ ՌԴ նախագահը տեղեկացրել է, որ քաղաքը գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության ներքո, և այնտեղ մարտական գործողություններ չեն ընթանում: Պուտինը նաև կարծիք է հայտնել, որ «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված ուկրաինացի զինծառայողներին Կիևի իշխանությունները պետք է զենքը վայր դնելու հրաման տան։ Ռուսաստանի ղեկավարն Էրդողանին տեղեկացրել է ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքի մասին:
Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ Էրդողանը հավատացրել է, որ Անկարան կշարունակի ջանքեր գործադրել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար։ Նա մատնանշել է հրադադարի հաստատման, հումանիտար միջանցքների գործարկման կարևորությունը։
Թուրքիայի նախագահը կրկին առաջարկել է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպում։
«Ռեջեփ Էրդողանը կարծիք է հայտնել, որ Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների խորհրդակցությունների շնորհիվ դրական արդյունք է գրանցվել, որի ամրագրումը բխում է բոլոր կողմերի շահերից»,- ասված է նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։
Կրեմլից հայտնում են նաև, որ Սև ծովի նավահանգիստներից ռուսական կողմի բացած ծովային հումանիտար միջանցքով թուրքական նավերի անվտանգ դուրս գալու նպատակով՝ նախագահները պայմանավորվել են շարունակել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների գծով համագործակցությունը: