ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:
Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կառավարությունից ներկայացվել են մի շարք առաջարկներ՝ հիմնականում խմբագրական բնույթի:
Ըստ նախագծի՝ մշակվում և հաստատվում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեններին և մանկավարժական աշխատողներին վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը, սահմանվում են նախադպրոցական ծրագրերի և ծառայությունների տևողությունը, 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը:
Բացի այդ, կարող է սահմանվել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը: