Այսօր Սյունիքի մարզպետարանում հանդիպել են մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը, Միջազգային սոլիդարության հիմնադրամի (Solidarity Fund PL) գործադիր տնօրեն Ալեքսանդրա Յարոշևիչը, ծրագրի ղեկավար Աննա Ռադեցկան և Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։
Սյունիք ժամանած հյուրերը նպատակ ունեն ուսումնասիրել լեհական կողմի ու Սյունիքի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները, իսկ այցի ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը նրանց թույլ կտա մշակել և իրականացնել զարգացման ծրագրեր «Թիմ Եվրոպա» (Team Europe) նախաձեռնության շրջանակում։
Պավել Չեպլակի ներկայացմամբ՝ դեսպանատունը մինչ այժմ առավել ակտիվ է եղել ՀՀ հյուսիսում, իսկ այժմ ցանկանում են գործունեության սլաքներն ուղղել դեպի հարավ, այս առումով պատրաստ են նաև փոքր դրամաշնորհներ տրամադրելու համար առաջարկներ լսել համայնքներից։
Առավել մեծ ծրագրեր են իրականացնում կառավարության ու ԵՄ գործընկերների հետ համաձայնեցմամբ։
Ալեքսանդրա Յարոշևիչն ու Աննա Ռադեցկան նշել են, որ իրենց այժմ հետաքրքրում են Սյունիքի համայնքների խնդիրները, ու այս առումով Ռ․Ղուկասյանից և Գ․Փարսյանից էին ցանկանում լսել, թե որոնք են առաջնահերթ լուծում պահանջող հարցերը։
Սյունիքի մարզպետն ու Կապան համայնքի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով այցի ու Սյունիքի հանդեպ հետաքրքրության համար, մանրամասնորեն ներկայացրել են տեղում իրավիճակը, ընթացիկ ու հետպատերազմյան շրջանում ի հայտ եկած խնդիրները։
Ռոբերտ Ղուկասյանը, նշելով, որ առաջնայինը անվտանգությունն է, կարևորել է հատկապես սահմանային բնակավայրերում ենթակառուցվածքների ապահովումն ու սոցիալ-տնտեսական զարգացումը, որպեսզի բնակիչները շահագրգռված լինեն մնալ ու ապրել այստեղ։
Քննարկումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համատեղ աշխատանքի ու համագործակցության մասին։