ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով այսօր Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած վրաերթին և այդ առնչությամբ տարբեր ԶԼՄ-ներում տարածվող լուրերին:
«Ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներ ու առանձին անհատներ հերթական անհարկի շահարկումներն են սկսել վարչապետի անձի շուրջ՝ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի դեպքը անմիջական կապելով վարչապետի անձի հետ։
Այս օրերին, երբ ընդդիմադիրները սակավաթիվ ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում, ճարահատյալ լրատվական դաշտը փորձում են լցնել իշխանությանը հնարավորինս վարկաբեկող լուրերով։ Բնականաբար, ինչպես միշտ, թիրախավորվել է վարչապետի անձը։
Տեղի ունեցած վրաերթի մասին ՀՀ ոստիկանությունն արդեն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, իսկ մնացածն ընդամենը բամբասանքների ժանրից է, ինչպես, օրինակ՝ Փաշինյանը Սյունիքն էր հանձնում կամ 2020-ին պատերազմ հրահրեց։
Պարզապես ընդդիմադիր որոշ շրջանակներ երկրում տեղի ունեցող ցանկացած վատ բանի համար սովոր են մեղադրել վարչապետ Փաշինյանին։ Ի գիտություն բոլորին՝ վարչապետ Փաշինյանը մեքենա չի վարում, ու չի եղել որևէ մեքենայի ղեկին, դրա մասին խոսելն անգամ անհեթեթ է։
Ինչպես ՀՀ ոստիկանությունը հայտնեց, նախնական տվյալներով՝ քաղաքացուն վրաերթի է ենթարկել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի մեքենան, հանգամանքները քննությամբ պարզվում են։ Ցավում եմ տեղի ունեցած միջադեպի համար»,- գրել է նա։