Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի հիշատակի կապակցությամբ ս.թ. ապրիլի 25-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել էր «Ամերիկացի բարի սամարացիները» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Այս մասին հայտնում են Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:
Ֆիլմը առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության տարածքում գործող առանձնահատուկ ամերիկացի գործիչների մասին է, ովքեր իսպառ ոչնչացումից փրկեցին հայ, հույն և ասորի ժողովուրդների բեկորներ և աշխարհին պատմեցին մարդկության դեմ գործած այդ ոճրագործությունների մասին։
Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան հոգևորականներ, Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի ներկա ու նախկին պատգամավորներ, Իրաքյան Քուրդիստանի պետական, քաղաքական, կուսակցական և մշակութային գործիչներ, Էրբիլում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, քրիստոնեական, այդ թվում՝ հայ համայնքի բազում ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել գլխ․ հյուպատոս Արշակ Մանուկյանը և Իրաքյան Քուրդիստանի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Անո Ջաուհար Աբդոկան։ Միջոցառումը լուսաբանվել է Իրաքյան Քուրդիստանի առաջատար լրատվամիջոցների կողմից։