ԱԴՐԲԵՋԱՆԸ ԷԹՆԻԿ ՀԱՅԵՐԻ ԶՏՄԱՆ ՓՈՐՁ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ. ԱՂԱՋԱՆՅԱՆ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստի առաջին օրը բանավեճ ծավալվեց հայ, ադրբեջանցի և թուրք պատվիրակների միջև։ Արցախում ստեղծված իրավիճակը հայաստանյան պատվիրակների ելույթների առանցքում էր:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն իր ելույթում նշեց, որ Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակից և ԼՂ հայերի էթնիկ զտման փորձ է իրականացնում:
Էդուարդ Աղաջանյան (ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ) - 2022 թվականի փետրվարից ադրբեջանական զինուժը շարունակաբար ահաբեկում է Արցախի սահմանամերձ գյուղերի բնակչությանը ֆիզիկական սպառնալիքի և հոգեբանական ճնշման տարբեր գործողությունների միջոցով:
Նույն ժամանակահատվածում մարտի 7-ին Լեռնային Ղարաբաղում գազամատակարարումը դադարեցվել էր՝ ավելի քան 150.000 մարդու թողնելով առանց ջեռուցման, շուրջ 1,5 մետր բարձրության ձյան և աննախադեպ ցրտի պայմաններում։ Հարգելի՛ գործընկերներ, վերոնշյալը էթնիկական զտման դասական օրինակ է։
Մինչ ադրբեջանցի պաշտոնյաները միջազգային հարթակներում հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, և Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են խաղաղ ապրել իրենց տներում, Ադրբեջանը փաստացի փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը՝ օգտվելով այն հանգամանքից, որ միջազգային հանրություն ամբողջությամբ կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա»։
ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ ԱՐԱՐՔԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ԿՈՉ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ
Հայ խորհրդարանականները անդրադարձան նաև Թուրքիայի արտգործնախարարի կողմից օրեր առաջ ազգայնական ժեստի ցուցադրմանը: Մևլութ Չավուշօղլուի պահվածքը անընդունելի է և պետք է դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից: Այդ մասին իր ելույթում հայտարարեց հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը:
Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի քաղաքականությանը՝ հիշեցնելով որ խորհրդային շրջանում 70 տարվա ընթացքում Նախիջևանն ամբողջությամբ հայաթափվել է, իսկ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը՝ ամբողջությամբ ոչնչացվել։ Նրա խոսքով՝ այժմ արցախահայությունն ու Արցախը կարող են արժանանալ նույն ճակատագրին։
Արմեն Գևորգյան (ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ) - Ես կոչ եմ անում Եվրոպայի խորհրդին՝ հստակ և խիստ ազդանշան ուղարկել ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին առ այն, որ միջազգային հանրությունը կշարունակի աջակցել հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներին, որոնք սահմանված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից:
«Մինչ ապրիլի 24-ին ողջ հայությունը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Մևլութ Չավուշօղլուն «Գորշ գայլերի» նշանն էր ցույց տալիս»,- հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ շեշտելով՝ նման գործողությունները վտանգում են երկու պետությունների միջև փոխվստահության ձևավորման հնարավոր գործընթացը։
Վլադիմիր Վարդանյան (ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ) - Ես կցանկանայի ձեզ ինչ-որ բան ցույց տալ. սա թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» շարժման ժեստն է: Այդ կազմակերպությունը պատասխանատու է մի շարք ահաբեկչական հարձակումների և հանցագործությունների համար, որոնք իրականացվել են հայերի, քրդերի, ազգային այլ փոքրամասնությունների դեմ: Ես սա ցույց եմ տալիս, քանի որ ընդամենը երկու օր առաջ Ուրուգվայում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով խաղաղ ցույցի մասնակիցներին այս նշանը ցույց է տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Տարօրինակ է, որ նման բարձր մակարդակի դիվանագետն ու քաղաքական գործիչը այսպիսի բան է քարոզում։ Ավելի անընդունելի է այն, որ դա անում է Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահը, մարդ, որն այստեղ խոսում էր ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության մասին։
Հայաստանը նվիրված է եվրոպական արժեքներին և շարունակում է անել հնարավորը Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու համար՝ շեշտեց Վլադիմիր Վարդանյանը՝ հույս հայտնելով, որ թուրք գործընկերները փոխադարձորեն բավարար կամք կդրսևորեն և կբացեն Հայաստանի հետ սահմանն ու նորմալ հարաբերություններ կհաստատեն:
Վլադիմիր Վարդանյանի խոսքին հաջորդեցին թուրք և ադրբեջանցի պատվիրակների ժխտողական և արդարացնող ելույթները:
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՎ ԹՈՒՐՔ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ԺԽՏՈՂԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը հայ պատվիրակներին մեղադրեց ամեն ինչ սևով ներկայացնելու մեջ և իր հերթին հնչեցրեց ադրբեջանական քարոզչության ավանդական թեզերը:
Սամադ Սեիդով (ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար) - Ինչո՞ւ չեք հայտարարում, որ պարոն Չավուշօղլուն հարձակման է ենթարկվել, ինչո՞ւ չեք հայտարարում, որ Երևանի կենտրոնում տեղադրված է ֆաշիստ Նժդեհի արձանը, կամ, որ մեկ միլիոն փախստականներ չեն կարողանում վերադառնալ մեր ազատագրված հողեր, քանի որ դրանք հայերի կողմից ականապատվել են:
Թուրք պատվիրակ Քամիլ Այդինն էլ նշեց, թե հայ գործընկերները անհիմն մեղադրանք են հնչեցրել Չավուշօղլու հասցեին՝ «Գործ գայլերի» ժեստի հետ կապված: Անձամբ ցուցադրելով այդ նշանը՝ նա հայտարարեց, թե իբր այն ազգայնական չէ, և դա օգտագործում են բոլոր թուրք քաղաքական գործիչները՝ անկախ իրենց հայացքներից։
ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՆԱԽԱԳԱՀՈՂԻՆ
Նիստի ընթացքում թուրք և ադրբեջանցի պատվիրակների խնդրահարույց ելույթներին հայ խորհրդարանականների հակադարձումները նիստը նախագահողը փորձում էր կանխել՝ նրանց կոչ անելով՝ լռե՛լ:
Ի պատասխան՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դիմեց նախագահողին.
Ռուբեն Ռուբինյան (ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար) - Դուք այն պաշտոնում չեք, որ այս ելույթների փուլում որևէ մեկին ասեք՝ լռիր: Պարո՛ն նախագահող, ձեզ մի հարց ունեմ՝ արդյոք այս հարթակում թույլատրվո՞ւմ է որևէ ագրեսիվ ազգայնական նշան ցուցադրել: Եթե ձեր պատասխանն է՝ ոչ, ապա խնդրում եմ ապահովել, որ այդ նշաններն այստեղ չօգտագործվեն:
Մյուս պատվիրակները ևս ելույթով դիմեցին նախագահողին, վերջինս ներողություն խնդրեց իր թույլ տված արտահայտության համար՝ պատճառաբանելով, որ անգլերենն իր մայրենի լեզուն չէ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան