ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն երկօրյա այցով գտնվում են Սյունիքում։
Այցի շրջանակում պաշտոնյաները ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ եղել են մարզի մի շարք բնակավայրերում՝ ՊՀԾ ծրագրերը ու դրանց կարևորությունը համայնքների զարգացման և կայունության գործում ներկայացնելու նպատակով։
Նախօրեին Արման Խոջոյանն ու Նաննա Սկաուն այցելել են Տեղ և Գորիս համայնքներ, որտեղ ՊՀԾ ֆինանսավորմամբ մեծ թափով ընթանում է ոռոգման ջրի ենթակառուցվածքների կառուցման ծրագիրը: 2.8 կմ և 4.8 կմ երկարությամբ ջրագծի կառուցումն կապահովի այս համայնքներում 250 և 200 հա ոռոգելի տարածք:
«Սյունիքի մարզի 4 համայնքների 11 բնակավայրերում իրականացվում են ոռոգման համակարգերի կառուցման/վերակառուցման ծրագրեր, որոնք ոռոգելի կդարձնեն շուրջ 1300 հեկտար հողատարածք։ Ոռոգման համակարգերի ընդհանուր երկարությունը 40.4 կմ է։ Ոռոգման համակարգերի ստեղծումը հնարավորություն կստեղծի զբաղվել բարձրարժեք գյուղատնտեսությամբ, որի արդյունքում զգալիորեն կբարձրանան մարզի ֆերմերների եկամուտները»,- նշել է Արման Խոջոյանը։
Քանի որ ներկայիս մարտահրավերները Սյունիքի մի շարք բնակավայրերում սահմանափակել են գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունները, իսկ հողատարածքների և արոտավայրերի զգալի մասը անհասանելի է դարձել օգտագործման համար, ՊՀԾ-ն կարևորում է գյուղատնտեսության ինտենսիվացումը և ներդրումներ կատարում եղած հողային ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու և բնակչության կյանքի որակը բարելավելու համար։
Այցի ընթացքում պաշտոնյաները եղել են նաև Գորիս քաղաքում, որտեղ ՊՀԾ-ի աջակցությամբ իրականացվում է տեղական հատիկաընդեղենների մշակության արժեշղթայի ծրագիր՝ «դաշտից սեղան» մոտեցմամբ։
ՊՀԾ-ն աջակցության շրջանակներում Որոտան գյուղում, որն այս պահին զրկված է հիմնական ճանապարհից, իսկ այլընտրանքային ճանապարհը կառուցման փուլում է, հիմնվել է հացաթխման արտադրամաս՝ գյուղի և հարակից երկու գյուղերի բնակչությանը անխափան հաց մատակարարելու նպատակով։