Զրույց-քննարկումներ ժամանակակից գրողների, հանդիպումներ 20-րդ դարի գրողների հարազատների հետ, երաժշտական ցերեկույթներ: Մեկ շաբաթ շարունակ՝ ապրիլի 18-25-ը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացված Ազգային գրադարանային շաբաթի շնորհիվ հայ ընթերցողները հնարավորություն ունեցան մշակութային հագեցած օրերի մասնակիցը դառնալ:
Շաբաթն իրականացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ 2002 թ.-ից սկսած, որին մասնակցող գրադարանների քանակը տարեցտարի ավելանում է:
Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում բանաստեղծներ Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակին և Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված գրական ցերեկույթի հյուրերն էին նրանց հարազատները՝ Դավթյանի դուստրը՝ Հասմիկ Դավթյանը, թոռնուհին ու ծոռնուհին, և Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը։
Ցերեկույթներ են անցկացվել նաև՝ նվիրված բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի ծննդյան 310-ամյակին և միջնադարյան հոգևորական, աստվածաբան Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» չափածո աղոթքների ժողովածուի ստեղծման 1020-ամյակին: Ֆրանսիացի հանրահայտ գրողներ Ալեքսանդր Դյումայի և Վիկտոր Հյուգոյի ծննդյան 220-ամյակների շրջանակում էլ գրադարանում կազմակերպվել է գրքային ցուցահանդես:
Գրադարանի այցելուները այս օրերին հանդիպել են ժամանակակից գրող Աշոտ Աղաբաբյանի հետ: Հեղինակի հետ զրուցել են նրա «Ռեզիդենտը» և «Թակարդ» փաստագրական վեպերի շուրջ: Անցկացվել է նաև մեկ այլ ժամանակակից հեղինակի՝ Սյունե Սևադայի «Կախվածություն» վեպի շուրջ քննարկումը:
Շաբաթի ընթացքում կազմակերպվել են նաև հայ ժամանակակից գրողների գրքային ցուցահանդեսներ, երաժշտական կոլեկտիվ ունկնդրումներ, հեքիաթապատումներ գրադարանում և գրադարանից դուրս՝ Վայոց ձորի մարզային գրադարան այցի շրջանակում: