Հարգելի համաքաղաքացիներ, ինչպես գիտեք, Երևան քաղաքի առողջության պահպանման առաջնային օղակում (պոլիկլինիկաներ) խնդիրները շատ են, բազմաշերտ և կուտակված: Շատ հաճախ առաջնային օղակի անարդյունավետ աշխատանքը հանգեցնում է հիվանդանոցային օղակի գերծանրաբեռնմանը: Հայտնի փաստ է, որ կանխարգելումը հնարավորություն է տալիս խուսափել հիվանդության ծանր և ցավալի ընթացքից, ինչպես նաև էապես ավելի ծախսարդյունավետ է թե´ քաղաքացու գրպանի, թե´ պետական միջոցների ծախսման տեսանկյունից: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի Ֆեյսբուքի էջում:
«Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելուն պես ձեռնամուխ եմ եղել ոլորտի խնդիրների վերհանման, դրանցից ելնելով` առաջնահերթություններ սահմանելու և լուծման ուղիներ որոնելու աշխատանքներին:
Հարկ եմ համարում նշել, որ մեր թիմն ունի բավարար քաղաքական կամք, կադրային ներուժ և անհրաժեշտ ֆինանսական գործիքակազմ վերոնշյալ հարցերին հավուր պատշաճի լուծումներ տալու համար: Հավելեմ, որ այս թեմայով քննարկումներ ենք ծավալում նաև առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի և այլ շահագրգիռ կառույցների մեր գործընկերների հետ:
Խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները կներառեն՝
-
մարդկային ներուժի գնահատում և համապատասխանեցում առկա մարտահրավերներին.
-
բժշկագիտության ժամանակակից մոտեցումների ներդրում առաջնային օղակում.
-
շենքային պայմանների բարելավում (այս տարի կմեկնարկեն թիվ 5 (Նորք-Մարաշ) և թիվ 12 (Ավան) պոլիկլինիկաների հիմնանորոգման աշխատանքները.
-
ժամանակակից բժշկական սարքավորումներով և կահույքով հագեցում.
-
բոլոր գործընթացների թվայնացում.
-
ռեբրենդինգ (նոր անվանում, համընդհանուր մեկ ոճ).
-
օպտիմալ կառավարմանն ուղղված մի շարք այլ միջոցառումներ:
Նպատակը մեկն է՝ առողջության առաջնային պահպանման օղակը քաղաքացիների համար դարձնել առավել վստահելի»,- նշված է գրառման մեջ։