Ալեն Սիմոնյանը մտավախություն չունի, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմության բողոքի ակցիաները կարող են իշխանափոխության հանգեցնել: «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խորհրդարանի ղեկավարը նշել է՝ քաղաքացիները իշխանություն են ձևավորում ընտրության միջոցով, վերջինը հունիսի 20-ին էր, ու հենց այդ ժամանակ, ըստ նրա, ժողովուրդն իր գնահատականը տվել է այսօր հրապարակներում հնչող կոչերին:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Կրկնելով էն, ինչ մենք ենք արել 2018-ին, և փորձել էն, ինչ որ ասվել է մինչև հունիսի 20-ը, նորից ասել և մարդկանց դրանով մղել ակցիաների, ես կարծում եմ, որ չի ստացվի, և, կարծում եմ՝ ընդդիմությունը խնդիր ունի դերակատարների առումով, գալ ու Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմքով մարդկանց ինչ-որ առաջարկ անելը: Այդ ժամանակները վաղուց անցել են:
Ինչ վերաբերում է ընդդիմադիրների այսօրվա ակցիաների ու 2018-ի միջև նմանությանը՝ Սիմոնյանը հիշեցնում է, որ հեղափոխությունից առաջ երկու տասնամյակ Հայաստանում ընտրություններ էին կեղծվում, իշխանությունը պահվում էր բռնության միջոցով: Այդ ժամանակ քայլերն ինքնաբուխ էին, իսկ այժմ, նրա խոսքով՝ ամենազգայուն թեմաներն են քաղաքականացվում:
Ալեն Սիմոնյան - Մարդկանց ասել, որ իրենք գալիս են ջահերով երթի, և վերջում կանգնեցնել քաղաքական միտինգի փաստի առաջ, այն վիրավորանքները, որոնք հնչում են, երեկ ես նայում էի՝ մարդիկ հոգնել են, հաճախ հոգնել են նաև մեզանից, ընդհանուր քաղաքական պրոցեսներից, բայց կտրվածությունը ընդդիմության Հայաստանի ժողովրդից իրանց թույլ չի տալիս էդ գիտակցումն ունենալ:
Իշխանափոխության հիմքում պետք է լինի գաղափարը, ոչ թե փողը, իսկ ընդդիմությունն այսօր առաջարկ չունի ժողովրդին՝ կարծում է Սիմոնյանը՝ հնչող կոչերը կենացներ որակելով:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԶՐՈՒՅՑՈՒՄ
Ինչ վերաբերում է Արցախը հանձնելու մեղադրանքներին, ասում է.
Ալեն Սիմոնյան - Ես ուզում եմ հասկանամ՝ ինչ է նշանակում Արցախը հանձնել: Վարչապետն ուղիղ դրա մասին ասել է՝ եթե մենք Արցախն էինք հանձնում, ապա ինչո՛ւ էինք պատերազմի գնում, կամ պատերազմը պետք էր կանգնեցնել՝ Արցախը հանձնելով, թե չհանձնելով: Այսինքն՝ այս խոսակցության մեջ ընդդիմությունը պարտվում է և ոչ թե ինձ կամ իմ գործընկերներին այս դահլիճում, այլ պարտվում է հենց հասարակության հետ զրույցում:
Փողոցում պայքարող ու ԱԺ նիստերը բոյկոտած ընդդիմադիր պատգամավորների բացակաները, ըստ Սիմոնյանի, հավանաբար անհարգելի կհամարվեն, նրանք չեն վճարվի: ԱԺ նախագահի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ նրանք առհասարակ վայր դնեն մանդատները՝ սկսած «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Արթուր Վանեցյանից:
Ալեն Սիմոնյան - Թող ինքն իր մանդատից հրաժարվի, թող նույնն անեն այն մարդիկ, որ հրապարակներից տարբեր լեզուներով ասում են, որ իրենք պաշտոնի համար կռիվ չեն անում: Ո՛չ, հարգելի՛ քաղաքացիներ, իրենց կռիվը պաշտոնի համար է, իրենց կռիվը իրենց ժամանակին հնարավորությունները հետ բերելու համար է և որևիցե կապ չունի հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի շահերի հետ: Դրանք ուղղակի լոզունգներ են, որոնց հետևում թաքնվում են շահադիտական նպատակները:
Ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է Քաղաքացու օրը, ու, Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմության այսօրվա ակցիաներն ու հանրահավաքները քաղաքացու իրավունքների իրագործման ապացույցն են:
Նա հիշեցրեց, որ դեռ 2005-ից սկսված պայքարի արդյունքում է այդ իրավունքները ժողովուրդը տվել նախկին ղեկավարների կողմնակիցներին: