Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանն ապրիլի 25-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում:
«Հարգելի՛ գործընկերներ,
Իրապես, ուկրաինական ճգնաժամը և դրա հումանիտար հետևանքներն այս պահին չափազանց կարևոր են Եվրոպայի խորհրդի համար: Ցավոք, ինչպես կարելի էր ակնկալել, Ադրբեջանն օգտվեց միջազգային հանրության՝ Ուկրաինայի իրավիճակի շուրջ ամբողջական կենտրոնացած լինելու հանգամանքից՝ ձեռնարկելով բացահայտ գործողություններ, խախտելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան:
Մասնավորապես, հիմք ընդունելով Կառավարության պահանջը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել է միջանկյալ միջոցներ՝ կոչ անելով Ադրբեջանին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կնպաստեն խաղաղ բնակչության համար՝ Կոնվենցիայով ամրագրված երաշխիքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաև կոչ անելով հարգել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրենց պարտավորությունները:
Չնայած վերոգրյալին՝ նույնիսկ Դատարանի միջանկյալ միջոցներից հետո Ադրբեջանը շարունակել է խախտել Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները:
Որպես այդպիսին՝ 2022 թ. փետրվարից ադրբեջանական զինուժը շարունակաբար ահաբեկել է Արցախի սահմանամերձ գյուղերի բնակչությանը ֆիզիկական սպառնալիքի և հոգեբանական ճնշման տարբեր հանցավոր գործողությունների միջոցով, ինչպես նաև բարձրախոսներով ուղիղ, սպառնացող և վախեցնող հայտարարություններով՝ ուղղված խաղաղ բնակչությանը: Պարբերաբար հնչող հայտարարություններում սահմանամերձ բնակչությանը կոչեր են արվում դադարեցնել հողագործությունը և լքել իրենց տները, հակառակ դեպքում՝ սպառնում են ընտանիքներին ֆիզիկական ոտնձգություններով:
Նույն ժամանակահատվածում մարտի 7-ին Լեռնային Ղարաբաղում գազամատակարարումը դադարեցվել է՝ ավելի քան 150.000 մարդու թողնելով առանց ջեռուցման, շուրջ 1,5 մետր բարձրության ձյան և աննախադեպ ցրտի պայմաններում: Միջազգային հանրության ճնշման ներքո Ադրբեջանը մարտի 19-ին վերականգնել է գազի մատակարարումը, սակայն այն նորից դադարեցրել է 2 օր անց:
Հարգելի՛ գործընկերներ, վերոգրյալն էթնիկական զտման դասական օրինակ է:
Եվ մինչ միջազգային հարթակներում ադրբեջանցի պաշտոնյաները հաճախ հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, և որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են խաղաղ ապրել իրենց տներում, փաստացի, Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը՝ օգտվելով միջազգային հանրության՝ Ուկրաինայի իրավիճակի շուրջ ամբողջական կենտրոնացած լինելու հանգամանքից:
Այդուամենայնիվ, Հայաստանը հանձնառու է մնում Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին և տեսնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական ու խաղաղ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»,- նշել է Էդուարդ Աղաջանյանը: