Հնդկաստանի արդյունաբերական համադաշնությունում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպմանը հայ և հնդիկ գործարարները ծանոթացան երկու երկրներում առկա բիզնես հնարավորություններին։
Նախարարն իր խոսքում նշեց՝ տարիների ընթացքում Հնդկաստանը դարձել է մեր կարևոր տնտեսական գործընկերը։
Արարատ Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - Միևնույն ժամանակ կա չօգտագործված հսկայական ներուժ, որի իրացման համար մենք պետք է աշխատենք միասին։
Հնդկաստանը, որն անվանական ՀՆԱ-ով աշխարհի վեցերորդ երկիրն է և խոշոր տերությունների մեջ ամենաարագ զարգացող տնտեսությունը, հայ գործարարների, տեխնոլոգների և սկսնակ ձեռներեցների համար կարող է դառնալ անսահմանափակ հնարավորությունների երկիր։
Քննարկումից հետո գործարարները սկսեցին անհատական շփումների միջոցով կապեր հաստատել, պայմանավորվածություններ ձեռք բերել։
Հնդկաստանի արդյունաբերական միությունում հայ գործարարները հնդիկ ներդրողներին ներկայացնում են Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները, սեղանի շուրջ գործարարները նստած են ըստ ոլորտների և զրուցում են իրենց հետաքրքրող ուղղությունների շուրջ։
Ալինա Եղիազարյան («Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության պետ) - Բավականին ակտիվ մասնակցություն եմ նկատել երկուստեք հանդիպումների ընթացքում։ Հնդկական կողմից ներկա էին 35 ընկերություններ, հայկական կողմից՝ 25։ Հիմնական ոլորտներն էին այսօր՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, լոգիստիկան, ոսկերչությունը և տուրիզմը։
Հնդիկ գործարարները հավաստիացրին, որ հետաքրքրված են հայաստանյան բիզնեսի հետ գործակցությամբ։
Վիջայա Կումար (Լոգիստիկ ծառայություններ իրականացնող «ԹիԹի գրուպ» ընկերության փոխնախագահ) - Մենք այսօր ներդրման հնարավորություններ ենք տեսնում գյուղատնտեսության, վերամշակման ոլորտում: Մեծ հետաքրքրություն կա նաև բարձր տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ, բազում հնարավորություններ կան տուրիզմի ոլորտում, որովհետև դուք գեղեցիկ բնություն ունեք: Հայերը կարող են համատեղ ձեռնարկությունները հիմնել այստեղ և հակառակը: Մեծ հնարավորություններ կան, բայց շատերը ծանոթ չեն Հայաստանի իրական ներուժին, և հենց այս հարցում մենք պետք է աշխատենք:
Նյու Դելիում նշում են՝ Հայաստանի հարկային համակարգը, պայմանները հրապուրիչ են հնդիկ ներդրողների համար, և հնարավոր է գործակցության հեռանկարներ կառուցել:
Մանիշ Կումար (Հնդկաստանի արդյունաբերական համադաշնության փոխտնօրեն) - Հայաստանն այժմ շատ հետաքրքիր բիզնես ուղղություն է մեզ համար, քանի որ շատ մոտ է Ռուսաստանին՝ Հնդկաստանի հիմնական շուկաներից մեկին: Բացի այդ, ձեր երկիրը ԵԱՏՄ անդամ է, դա Հայաստանը խիստ հրապուրիչ է դարձնում ներդրումների առումով:
Հնդկաստանի մայրաքաղաքում կայացած հայ-հնդկական հանդիպմանը քննարկվեցին ոչ միայն բիզնես հեռանկարներ, այլև կրթական նախագծեր:
Մարի Լու Փափազյան («Թումո» կենտրոնի գործադիր տնօրեն) - Ես կարծում եմ, որ մեծ հնարավորություններ ունենք մեր առջև, մեր պարագային, օրինակ` ճիշտ է, որ բիզնես չենք, բայց շատ մեծ հետաքրքրություն հայտնաբերեցինք տարբեր մակարդակներում, մինչև իսկ շատ առաջ գնացինք, կարողացանք բարձր մակարդակներում կրթության նախարարության անձնավորություններու հանդիպել, որոնք հիացած են և ուզում են անպայմանորեն: Ասում են՝ չունեն նմանատիպ բան, ասում են՝ ուզում են անպայման նայել, որ ոնց անեն, կազմակերպեն և բերեն Հնդկաստան:
Բացի այս հանդիպումներից, հայկական բիզնեսը նաև անհատական հանդիպումներ է ունենում։ Ասում են՝ թե որքան ներդրում հնարավոր կլինի ներգրավել՝ կախված է հետագա գործակցությունից։
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան