Ընդդիմությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով այսօրվանից փողոցային պայքար է սկսել, հայտարարել անհնազանդության ակցիաներ կազմակերպելու մասին:
Օրն ընդդիմադիրները սկսեցին ինքնաշարժերի վրա՝ Հանրապետության հրապարակում: «Հայրենիք» կուսակցության ակտիվիստները Արցախի դրոշներ էին փակցրել ակցիայի գործիքների վրա ու այն ծածանում էին Երևանի փողոցներում: Բողոքի ցույցեր կազմակերպվեցին նաև երևանյան մի քանի բուհերում, մայր բուհի և բժշկական համալսարանի բակում ակտիվիստները Հայաստանի ու Արցախի դրոշները տեղադրեցին և ուսանողներին կոչ արեցին միանալ բոյկոտին, հայտարարել անժամկետ դասադուլ:
ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ավելի վաղ հայտարարել էր՝ ակցիաների կիզակետում ոչ միայն մայրաքաղաքը, այլև մարզերն են, և որ Հայաստանի չորս քաղաքից պատրաստվում են երթով հասնել Երևան:
Քաղաքներից մեկը Իջևանն էր, որոնք են մյուս երեքը՝ տեղեկություն դեռ չկա: Իսկ թե Իջևանից քայլողները 136 կիլոմետրը կտրել, ո՛ւր են հասել՝ հայտնի չէ:
Արդեն կեսօրին Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության և Հանրապետական կուսակցության մի խումբ երիտասարդներ Երևանում փողոցներ փակեցին: Կոմիտասի պողոտայում ոստիկանները սկզբում ակցիայի 5, այնուհետև ևս 8 մասնակցի բերման ենթարկեցին։
Ավելի ուշ Հանրապետական կուսակցության ակտիվիստներն ակցիա իրականացրեցին նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ: Քաղաքացիների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց. այստեղ առնվազն հինգ տղամարդու ոստիկանները բերման ենթարկեցին, այնուհետև ցուցարարները երթով շարժվեցին Ազատության հրապարակ ու միացան հանրահավաքի մասնակիցներին:
Թեև ընդդիմությունը միակարծիք է պայքարի հարցում, ակցիաներն անհատական էին: Չորս կուսակցություն չորս տարբեր ակցիա իրականացրեց, օրն էլ ավարտվեց Վանեցյանի «Հայրենիքի» ու Դաշնակցության առանձին երթերով, որոնք միացան Բաղրամյան պողոտայում:
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է՝ ձևավորվել են արագ արձագանքման խմբեր, որոնք այցելել են բերման ենթարկված քաղաքացիներին։