Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, վճռական է կողմերի միջև վստահության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու հարցում՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը: Նրա խոսքով՝ Մոսկվան ողջունում է երրորդ երկրների նախաձեռնությունները, որոնք կարող են լրացնել եռակողմ ջանքերը և հիմնված չեն աշխարհաքաղաքական խաղերի տրամաբանության վրա: Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման շրջանակներում լուծվում է խնդիրների մի ամբողջ շարք, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:
Դենիս Գոնչարն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակին՝ նշելով, որ այդ ձևաչափով երկրորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Նրա խոսքով՝ «3+3-ի օրակարգը» «լիովին համապատասխանում է Վրաստանի շահերին», և Թբիլիսիի համար դռները բաց են։
ՈՒՐՍՈՒԼԱ ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ
Եվրահանձնաժողովի նախագահը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի հետ: Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Նարենդրա Մոդին պայմանավորվել են ստեղծել առևտրի և տեխնոլոգիական հարցերով զբաղվող խորհուրդ՝ Եվրոպայի և Հնդկաստանի միջև համագործակցությունն ուժեղացնելու համար: Երկու կողմերն հաստատել են, որ աշխարհաքաղաքական միջավայրի արագ փոփոխությունները ընդգծում են խորը ռազմավարական գործընկերության անհրաժեշտությունը: Երկօրյա այցի շրջանակում Եվրահանձնաժողովի նախագահը բանակցություններ անցկացրել նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի հետ. կողմերը մտքեր են փոխանակել ուկրաինական հակամարտության տնտեսական և քաղաքական հետևանքների շուրջ:Ուկրաինայում ռուսական ուժերի հատուկ գործողությունն սկսվելուց հետո Հնդկաստանը ձեռնպահ է եղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նստաշրջան գումարելու հարցի շուրջ քվեակությանը, շարունակում է պահպանել չեզոքություն, ինչը գոհունակությամբ չի ընդունվում արևմտյան երկրների առաջնորդների մոտ:
ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻԵՎՈՒՄ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ. ԲԼԻՆՔԵՆ
Կիևում Միացյալ Նահանգների դեսպանությունը կարող Է աշխատանքը վերսկսել առաջիկա շաբաթներին՝ լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարը Լեհաստանում Ուկրաինա այցից հետո: Էնթոնի Բլինքենը նշել Է, որ այս հարցում Վաշինգտոնը գործում Է «ճշտապահորեն», առաջնահերթ է մնում ԱՄՆ-ի դիվանագիտական անձնակազմի անվտանգության ապահովումը:Բլինքենը շեշտել է, որ ամբողջ աշխարհից ստացված օգնության և աջակցության շնորհիվ՝ Ուկրաինան ամուր կանգնած է ոտքի: «Այս ջանքերում ներգրավված է ավելի քան 30 երկիր, այս համերաշխությունը իրական արդյունքներ է տալիս, և մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ձախողում է, Ուկրաինան հաջողության է հասնում»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: ԱՄՆ պաշտպանության նախարարն էլ հավելել է, որ Վաշինգտոնը գնահատել է հակամարտության այս փուլի առանձնահատկությունները և ապահովում է Ուկրաինային այնպիսի ռազմամթերքով, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային մարտի դաշտում առավելության հասնելու համար: Լլոյդ Օսթինը նաև նշել է, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում «ճիշտ տեխնիկայով և ճիշտ աջակցությամբ»:
ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՃՆՇՈՒՄՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է. ՊՈՒՏԻՆ
Արևմտյան երկրներին չի հաջողվում պառակտել ռուս հասարակությանը և քանդել երկիրը ներսից՝ հայտարարել է ՌԴ նախագահը՝ ելույթ ունենալով գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ռուս հասարակությունը ցուցաբերում է հասունություն, համերաշխություն, աջակցում զինված ուժերին: Ռուսաստանն աննախադեպ պատժամիջոցների ճնշման է ենթարկվում, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը ու հավելել, որ այդ ճնշումն աստիճանաբար ավելանում է: ՌԴ նախագահը Ռուսաստանի բոլոր քննչական մարմիններին կոչ է արել մանրամասն արձանագրել ուկրաինացի ազգայնականների հանցագործությունները և նրանց նկատմամբ հետապնդում սկսել:
ՎԻԵՆՆԱՅԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
Միջուկային գործաքի վերականգնման շուրջ բանակցությունների կողմերը դիտարկում են անմիջական հանդիպում անցկացնելու հնարավորության հարցը՝ հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: «Իրանը և Եվրամիությունը վստահ են, որ երկխոսության օգտին չԷ ժամանակի ձգձգումը՝ նշել է Սայիդ Խաթիբզադեն ու հավելել, որ անհրաժեշտ Է հնարավորինս շուտ նոր ուժ հաղորդել բանակցություններին հանդիպման միջոցով: Նրա խոսքով՝ դեռ որոշում չի ընդունվել, թե երբ և ինչ մակարդակով տեղի ունենա հանդիպումը, բայց այն օրակարգում Է: Ըստ որում՝ դիվանագետը չի հստակեցրել, թե որ երկրների ներկայացուցիչների մասին Է խոսքը: