Ռուսաստանը, ի պատասխան Հարավային Կուրիլների ռուսական անօրինական օկուպացիայի մասին Ճապոնիայի հայտարարության, Կուրիլյան կղզիներում կզարգացնի արդյունաբերությունն ու զբոսաշրջությունը՝ ասել է Հեռավոր Արևելքի դաշնային օկրուգում նախագահի ներկայացուցիչ Յուրի Տրուտնևը:
Ըստ պաշտոնյայի՝ սկզբում Ռուսաստանն «այնտեղ զբոսաշրջային նավեր կուղարկի», հետո կսկսի «նոր ներդրումային նախագծեր կառուցել» և «շարունակել ապրել ու աշխատել այն սկզբունքով, որ դա Ռուսաստանի տարածքն է»,- փոխանցում է ТАСС-ը։
Reuters-ն էլ նշում է, որ այս հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, ավելի կբարդացնի Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերությունները: Տոկիոն վերջերս «Դիվանագիտության Կապույտ գիրք» է վերադարձրել Ռուսաստանի կողմից Կուրիլյան կղզիների օկուպացիայի մասին ձևակերպումները։
Ըստ ԶԼՄ-ների, դեռևս 2021 թվականի օգոստոսին Ռուսաստանը մեծացրեց իր ռազմական ներկայությունը Կուրիլյան կղզիներում։ Կղզիների հարցում դիրքորոշման կոշտացման և Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին միանալուց հետո Ճապոնիան հայտնվել է Ռուսաստանի ոչ բարեկամական երկրների ցուցակում: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այս պայմաններում շատ դժվար է Տոկիոյի հետ խոսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։