Ազգային անվտանգության ծառայությունը պետական դավաճանության հերթական դեպքն է բացահայտել. Զինված ուժերի սպան, օտարերկրյա հատուկ ծառայություններին տալով գրավոր համաձայնություն, ստացել է ծածկանուն և պարտավորվել հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Զինծառայողը 1 400 դոլարի դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին փոխանցել է արտերկրում ռազմական ակադեմիան ավարտած համակուրսեցիների, ծառայության N զորամասի հրամանատարական կազմի, հրթիռահրետանային վարչության ղեկավար անձնակազմի, «էքսպո-ռազմական» ցուցահանդեսին մեկնած սպայական կազմի կենսորոշիչ տվյալները, բջջային հեռախոսահամարները:
Բացի դրանից՝ տրամադրել է նաև իր ծառայության զորամասի N դիվիզիոնի զինծառայողների հաստիքացուցակը, ինչպես նաև նույն զորամասում առկա հրթիռային համակարգի թվաքանակի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում զինտեխնիկայի կորստի, հրթիռահրետանային համազարկերի գտնվելու վայրերի, զորավարժության վայրերի, կիրառված զինտեխնիկայի, զորավարժությանը մասնակից ղեկավար սպայական կազմի վերաբերյալ տվյալներ:
ԱԱԾ-ն նաև բացահայտել է, որ այդ զինծառայողը, 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցնելով հրթիռային համակարգերից մեկի մարտկոցի հրամանատարի տեղակալի պաշտոնը, մարտական առաջադրանք կատարելիս արդյունավետ և նպատակային խոցումներ չի կատարել, տևական ժամանակ միջոցներ չի ձեռնարկել հրթիռ արձակող զինտեխնիկան քողարկելու ուղղությամբ, որի հետևանքով հակառակորդի կողմից թիրախավորվել և անօդաչու թռչող սարքի միջոցով խոցվել է այն՝ հանգեցնելով զինտեխնիկայի անվերադարձ կորստի:
Ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ քաղաքացին պատերազմի ավարտից հետո շարունակել է համագործակցությունն օտարերկրյա հատուկ ծաառայությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում գումարի դիմաց տրամադրել է նաև ներմուծված սպառազինության և զինտեխնիկայի քանակի ու տեսակի վերաբերյալ տվյալներ: Ունենալով գաղտնիության թույլտվության համապատասխան աստիճան, 8 000 դոլարի դիմաց նա նաև հավաքել է զորամասի գաղտնի դրոշմագրով մարտական քարտեզներ, սակայն չի հասցրել փոխանցել, քանի որ ԱԱԾ-ն բացահայտել է:
Ապրիլի 20-ին այդ զինծառայողը պետական դավաճանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք: