Մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը: Նստաշրջանի առաջին օրը հայ պատվիրակներն իրենց ելույթներում դատապարտել են Թուրքիայի արտգործնախարարի՝ օրեր առաջ «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման պայմանանշանը ցույց տալու միջադեպը:
Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ նման գործողությունները վտանգում են երկու հասարակությունների միջև վստահության հնարավոր ձևավորման գործընթացը։ Վլադիմիր Վարդանյանի ելույթին հաջորդել են թուրք և ադրբեջանցի պատվիրակների ժխտողական և արդարացնող փորձերը, ինչից հետո նիստը նախագահողը հայկական պատվիրակների հասցեին թույլ է տվել անհարիր արտահայտություն:
ՀՀ ԱԺ պատվիրակների բողոքից և նման երևույթի անթույլատրելիության մասին մատնանշելուց հետո նիստը նախագահողը ներողություն է խնդրել արտահայտության համար՝ պատճառաբանելով, որ անգլերենն իր մայրենի լեզուն չէ:
Վլադիմիր Վարդանյան (ԵԽԽՎ պատգամավոր) - Երեկ՝ ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում էր օսմանյան իշխանությունների կողմից կազմակերպված և իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միջազգային հանրությունը ստիպված էր նոր եզրույթ հորինել՝ նման ոճրագործությունը բնութագրելու համար. մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Չնայած այն հանգամանքին, որ այսօր՝ 107 տարի անց, այս հարցը դեռևս բավականին զգայուն է բոլորիս համար, Հայաստանի Հանրապետությունը անկախության հենց սկզբից հայտարարել է Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի հարաբերությունների կարգավորման քաղաքականության մասին։
Մենք անընդմեջ գնում ենք այս ճանապարհով և վերահաստատում երկկողմ հարաբերությունները կարգավորելու մեր պատրաստակամությունը։ Բայց մեր գործընկերներն այս գործընթացում արդյոք նույնքան անկե՞ղծ են, որքան մենք։ Ես կցանկանայի ձեզ ինչ-որ բան ցույց տալ. սա թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» շարժման ժեստն է:
Այդ կազմակերպությունը պատասխանատու է մի շարք ահաբեկչական հարձակումների և հանցագործությունների համար, որոնք իրականացվել են հայերի, քրդերի, ազգային այլ փոքրամասնությունների դեմ: Ես սա ցույց եմ տալիս ձեզ, քանի որ ընդամենը երկու օր առաջ Ուրուգվայում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով խաղաղ ցույցի մասնակիցներին այս նշանը ցույց է տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Տարօրինակ է, որ բարձր մակարդակի եվրոպացի դիվանագետն ու քաղաքական գործիչը նման բան է քարոզում։ Ավելի անընդունելի է դառնում, երբ դա անում է Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահը, մարդ, որն այստեղ խոսում էր ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության մասին։
Հարկ է նաև նշել, որ նման գործողությունները վտանգում են երկու հասարակությունների միջև վստահության հնարավոր ձևավորման գործընթացը։
Հայաստանը նվիրված է եվրոպական արժեքներին և շարունակում է անել հնարավորը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար՝ հույս ունենալով, որ մեր թուրք գործընկերները բավարար կամք կունենան փոխադարձորեն բացելու սահմանը և նորմալ հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ՝ նպաստելով մեր տարածաշրջանում ապաէսկալացիային ու կայուն խաղաղության հաստատմանը: