Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, վճռական է կողմերի միջև վստահության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու հարցում՝ ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Մենք օգնում ենք Ադրբեջանին և Հայաստանին համաձայնության գալ խաղաղության պայմանագրի հարցում: Ռուսական կողմը վճռական է օգնելու Բաքվին և Երևանին՝ գտնել ընդհանուր լեզու, ստեղծել վստահության և փոխըմբռնման մթնոլորտ: Մենք ողջունում ենք երրորդ երկրների նախաձեռնությունները, որոնք կարող են լրացնել մեր եռակողմ ջանքերը, և հիմնված չեն աշխարհաքաղաքական խաղերի տրամաբանության վրա»,- ասել է Գոնչարը։
Նա նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման շրջանակներում լուծվում է խնդիրների մի ամբողջ շարք, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:
«Մենք պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովին, տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութեր: Մենք աշխատում ենք շուտափույթ համաձայնության հասնել տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման կոնկրետ նախագծերի շուրջ Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համատեղ նախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները»,- ասել է Գոնչարը։