ՌԴ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, վճռական է կողմերի միջև վստահության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու հարցում՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը: Նրա խոսքով` Մոսկվան ողջունում է երրորդ երկրների նախաձեռնությունները, որոնք կարող են լրացնել եռակողմ ջանքերը և հիմնված չեն աշխարհաքաղաքական խաղերի տրամաբանության վրա: Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի` Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման շրջանակներում լուծվում է խնդիրների մի ամբողջ շարք, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:
Դենիս Գոնչարն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակին՝ նշելով, որ այդ ձևաչափով երկրորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Նրա խոսքով՝ «3+3-ի օրակարգը» «լիովին համապատասխանում է Վրաստանի շահերին», և Թբիլիսիի համար դռները բաց են։
ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻԵՎՈՒՄ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ. ԲԼԻՆՔԵՆ
Կիևում Միացյալ Նահանգների դեսպանությունը կարող է աշխատանքը վերսկսել առաջիկա շաբաթներին, լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարը Լեհաստանում` Ուկրաինա այցից հետո: Էնթոնի Բլինքենը նշել է, որ այս հարցում Վաշինգտոնը գործում է «ճշտապահորեն», առաջնահերթ է մնում ԱՄՆ-ի դիվանագիտական անձնակազմի անվտանգության ապահովումը: Բլինքենը շեշտել է, որ ամբողջ աշխարհից ստացված օգնության և աջակցության շնորհիվ Ուկրաինան ամուր կանգնած է ոտքի:
«Այս ջանքերում ներգրավված է ավելի քան 30 երկիր, այս համերաշխությունն իրական արդյունքներ է տալիս, և մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ձախողում է, Ուկրաինան հաջողության է հասնում»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
ԱՄՆ պաշտպանության նախարարն էլ հավելել է, որ Վաշինգտոնը գնահատել է հակամարտության այս փուլի առանձնահատկությունները և ապահովում է Ուկրաինային այնպիսի ռազմամթերքով, որն անհրաժեշտ է Ուկրաինային մարտի դաշտում առավելության հասնելու համար: Լլոյդ Օսթինը նաև նշել է, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում «ճիշտ տեխնիկայով և ճիշտ աջակցությամբ»:
ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ
Մոսկվա և Կիև այցերից առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնել է Թուրքիա: Անկարայում Անտոնիո Գուտերեշը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ: Գուտերեշի և Էրդողանի բանակցությունների գլխավոր թեման Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն է և այն դերակատարությունը, որ կարող է ունենալ Թուրքիան՝ Մոսկվայի և Կիևի միջև ռազմական գործողությունների դադարեցման գործում։ Վաղը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի արտգործնախարարի հետ, իսկ ապրիլի 28-ին Գուտերեշը կլինի Կիևում. նախատեսված է նրա հանդիպումը Ուկրաինայի նախագահի, արտգործնախարարի հետ:
ՌԴ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿԱՅՈՒՆԱՆԱԼ. ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանի տնտեսությունը շարունակում է կայունանալ, գնաճը դանդաղում է, գները վերադառնում են իրենց նախկին մակարդակին՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` երկրի տնտեսության վիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ իրավիճակի վրա երկու հիմնական գործոն է ազդում՝ արժույթի շուկայում փոփոխությունները՝ վերջին շրջանում ակտիվորեն ամրապնդվում է ռուբլու փոխարժեքը, և սպառողական պահանջարկի դինամիկան։
Երկրի ղեկավարը պարզաբանել է, որ փետրվար-մարտ ամիսների աճից հետո սպառողների ակտիվության օբյեկտիվ անկում է նկատվել: Պուտինը շեշտել է, որ իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը չպետք է թուլացնել և թույլ չտալ «տնտեսական դինամիկայի անհավասարակշռություն»։
ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մոսկվան հաստատել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ կողմեը բազմիցս հանդիպել են, իսկ տեսակոնֆերանսի ձևաչափով քննարկումները շարունակվում են:
Այլ ձևաչափերով հանդիպման հավանականության մասին Մարիա Զախարովան տեղեկություն չի հայտնել: Նրա խոսքով՝ Կիևը շարունակում է մերժել իր իսկ հայտնած դիրքորոշումները, ինչը բարդացնում է բանակցությունների ընթացքը: