Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ, Փարիզի սրտում գտնվող Հայաստանի էսպլանադում Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը: Հարյուրավոր քաղաքական և հասարակական գործիչներ և քաղաքացիներ հավաքվել էին Կոմիտասի արձանի առջև՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը։
Միջոցառումը սկսվեց ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությամբ. իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ֆրանսիայի կառավարության խոսնակ, պետքարտուղար Գաբրիել Ատալը՝ Ֆրանսիայի նախագահի անունից, Սենատի փոխնախագահ Ռոժե Կարուչին, ինչպես նաև Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Իլ-դը-Ֆրանսի շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը։
Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսն իր խոսքում անդրադարձավ ինչպես 107 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությանը, այնպես էլ ներկայումս հայության առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, որոնց մանրամասն ծանոթանալու առիթ էր ունեցել վերջերս Հայաստան և Արցախ կատարած այցից շրջանակում: Պեկրեսը շեշտեց՝ չնայած այդ այցից հետո Ադրբեջանի նախագահն իրեն ուղղված սպառնալիքներ էր հնչեցրել, ինքը երբեք չի հանձնվի։ Նրա խոսքով՝ պաշտպանել Հայաստանը նշանակում է պաշտպանել Եվրոպան, ընդհանուր արժեքները և ժողովրդավարությունը։
Վալերի Պեկրես (Իլ դը Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ) - Տիկնայք և պարոնայք, 20-րդ դարում շատ հայեր դարձան ֆրանսիացիներ, և այդպես նրանց վերքերը դարձան մերը: Նրանց հազարամյա հոգևոր ժառանգությունը մոտ է եվրոպական քաղաքակրթությանը։ Սակայն, այսօր Հայաստանը դեռևս վիրավոր և վտանգված է։ Բայց Ֆրանսիան լինելու է նրա կողքին, և Հայաստանը շարունակելու է ապրել։ Մեր բարեկամությունը պատմական է: Հայաստանն ունի խաղաղության, բարգավաճման և անվտանգության իրավունք:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի համար այն, ինչ արել է հայ համայնքը, որպեսզի Հայոց ցեղասպանության զոհերը չմոռացվեն, հիացմունքի է արժանի: Նրա խոսքով՝ երկու երկրների բարեկամության ամրապնդմանն ուղղված ևս մեկ քայլ կլինի նրա առաջիկա այցը Հայաստան և Արցախ։
Անն Իդալգո (Փարիզի քաղաքապետ) - Բարեկամությունը պարզապես բառ չէ, որը մենք ժամանակ առ ժամանակ օգտագործում ենք, բարեկամությունը մի բան է, որն ամեն օր ապացուցվում է: Մենք այսօր այս կարևոր վայրում ենք՝ պաշտպանելու մարդկային արժեքներն ու իրավունքները և պայքարելու բարբարոսության ու հայ ժողովրդի Ցեղասպանության ժխտման դեմ։
Հիշատակի միջոցառման մասնակիցների թվում էր նաև հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Նելսոն Մանֆորտը: Նրա խոսքով՝ չպետք է մոռանալ հայ ժողովրդի ողբերգությունը, և իր ներկայությամբ նա ցանկանում էր իր աջակցությունը հայտնել զոհերի հիշատակին ու նրանց հարազատների ցավին։
Նելսոն Մանֆորտ (իրագրող, հեռուստահաղորդավար) - Ես խորապես հավատում եմ, որ պետք է լինի հիշելու պարտավորություն, հատկապես, երբ խոսքը վերաբերում է 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկին: Իմ մասնագիտական ուղու ընթացքում ես հանդիպել եմ բազմաթիվ հայերի, ոնոնց մեջ միշտ զգացել եմ մեծ քաջություն և վճռականություն: Ես այդ քաջությանն ականատես եմ եղել նաև դիվանագիտության մեջ՝ տեսնելով թե ինչպես են հայերը պաշտպանում այդ հիշողությունը:
Այն, որ ժամանակը չի կարող ազդել պատմական հիշողության վրա, իր օրինակով հաստատում է նաև ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի որդին՝ իրավաբան Ֆրանսուա Դևեջյանը: Նրա խոսքով՝ պետք է բացառել պատմությունը կրկնությունը, այդ իսկ պատճառով կարևոր է շարունակել պայքարը ժխտողականության դեմ:
Ֆրանսուա Դևեջյան (իրավաբան) - Այսօր ես ներկա եմ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը, դա պարզապես ոգեկոչում չէ, մեր ներկայությամբ մենք ցույց ենք տալիս, որ ոչինչ չենք մոռացել, և որ այս ողբերգությունը չպետք է կրկնվի։
Պաշտոնական արարողության ավարտից հետո տեղի ունեցավ ավանդական երթ՝ ֆրանսիացիների և ֆրանսահայերի մասնակցությամբ։
Հեղինակ՝ Մանե Ալեքսանյան