Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը, խմբի անդամներ Բաբկեն Թունյանը, Մարիա Կարապետյանը և Միքայել Թումասյանն ապրիլի 25-ին հանդիպել են Կնեսետի Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Մոսի Ռազի գլխավորած պատվիրակության հետ:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Իսրայելը կճանաչի Ցեղասպանությունը: «Հայ և հրեա ժողովուրդները, որոնք վերապրել են ցեղասպանության արհավիրքները, ունեն բարոյական պարտականություն՝ համախմբելու ջանքերն այս հարցում»,- ասել է նա:
ԱԺ փոխնախագահը խնդրահարույց է համարել Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցությունը և հատկապես 2020 թ. 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումները չդադարեցնելը:
Հակոբ Արշակյանը խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:
Ծովինար Վարդանյանը երախտագիտություն է հայտնել Կնեսետի Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի անդամներին անմեղ զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան այցելելու համար:
Խոսելով երկկողմ խորհրդարանական կապերի աշխուժացման մասին՝ խմբի ղեկավարը հավաստիացրել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իսրայելական միջխորհրդարանական հարաբերությունները նոր փուլ կթևակոխեն: Այս համատեքստում կարևորվել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը. դրանք փոխըմբռնման և փոխվստահության յուրօրինակ կամուրջ են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև:
Ծովինար Վարդանյանն առաջնային է համարել տարբեր բնագավառներին առնչվող օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում փորձի փոխանակումը:
Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Մոսի Ռազը նշել է, որ իր առաջին այցը Հայաստան պլանավորել էր հենց ապրիլի 24-ին. խորհրդանշական այդ օրը 1,5 մլն սպանվածների հիշատակը հարգելու օրն է:
Կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությանը, բարեկամական խմբերի միջև կապերի ակտիվացմանը: