Raisina Dialogue համաժողովին մասնակցելու նպատակով Նյու Դելիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:
Նախարարներ Միրզոյանն ու Ջայշանկարը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։
Զրուցակիցները քննարկել են 2021 թ․ աշնանը Հնդկաստանի ԱԳ նախարարի` Հայաստան կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Անդրադարձ է կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, ավիացիայի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներին:
Կողմերն ընդգծել են անցած ամիսներին կատարված աշխատանքների արդյունավետությունը և երկուստեք պատրաստակամություն հայտնել հետևողականորեն շարունակել փոխգործակցության խորացումը։
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Հնդկաստան է այցելում Հայաստանի գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների ուղեկցությամբ, որոնց հանդիպումները իրենց հնդիկ գործընկերների հետ լրացուցիչ խթան կհանդիսանա մեծ ներուժ ունեցող հայ-հնդկական առևտրատնետեսական համագործակցության ակտիվացման համար։
Անդրադարձ է կատարվել տրանսպորտային կոմունիկացիաների ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին:
Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:
Հայկական կողմը ներկայացրել է հարավկովակասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։
Նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հնդկաստանի դիրքորոշման վերաբերյալ։ Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը խաղաղ գործընթացի առաջմղման գործում:
Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները:
Հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Հնդկաստանին` Ջամմուի և Քաշմիրի հարցում: