Ֆրանսիայում ևս 5 տարի կնախագահի Էմանուել Մակրոնը: Նախագահական ընտրությունների երկրորդ՝ որոշիչ փուլի արդյունքով՝ գործող նախագահը վերընտրվել է՝ հաղթանակ տանելով մրցակցի՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի նկատմամբ: Քաղաքագետներն ընտրությունների այսօրինակ ելքը «սցենարի կրկնություն են» որակել: 5 տարի առաջ նույնպես Մակրոնը եզրափակիչ փուլում մրցում էր Մարին Լը Պենի հետ. փոփոխվել է միայն երկու թեկնածուների ստացած ձայների տարբերությունը. 2017 թվականին՝ ընտրությունների երկրորդ փուլում, Մակրոնը Լը Պենից գրեթե կրկնակի շատ ձայն ստացավ, իսկ արդեն 2022-ին Մակրոնի օգտին է քվեարկել ընտրություններին մասնակցած քաղաքացիների 58,8, Լը Պենի օգտին` 41,5 տոկոսը:
44-ամյա Էմանուել Մակրոնը Ժակ Շիրակից հետո Ֆրանսիայի առաջին նախագահն է, որին հաջողվել է երկրորդ անգամ վերընտրվել: Մակրոնը նաև հինգերորդ հանրապետության պատմության ամենաերիտասարդ նախագահն է:
Քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո երկրի ղեկավարն ընտանիքի հետ միացել է Էյֆելյան աշտարակի հարակից ճեմուղում հավաքված իր կողմնակիցներին։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ իրենց սպասում Է դժվարին, բայց պատմական ժամանակաշրջան: «Տարիները, որոնք մեզ սպասում են, հավանաբար հանգիստ չեն լինի: Բայց դրա փոխարեն կմտնեն պատմության մեջ»,- ասել Է նա՝ Մարսյան դաշտում ելույթ ունենալով կողմնակիցների առջև:
Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ) - Հինգ տարի հետո մեծամասնության վստահությունը և՛ երջանկություն է, և՛ պատասխանատվություն՝ հատկապես այս ճգնաժամերի ֆոնին: Ես հիմա մտածում եմ այն բոլոր հայրենակիցների մասին, որոնք չմասնակցեցին քվեարկությանը. նրանց լռությունը նշանակում է մերժել ընտրությունը. սա չպետք է անարձագանք մնա մեր կողմից: Ես մտածում եմ նրանց մասին, ովքեր քվեարկել են տիկին Լը Պենի օգտին, նրանք հիասթափված են այս երեկո. ձեր ձայնն ու խոսքը նույնպես անարձագանք չի մնալու: Ես այլևս կուսակցության թեկնածու չեմ, ես բոլորի նախագահն եմ: Այս նոր դարաշրջանը չի լինի նախորդ հինգ տարիների շարունակականությունը, այլ հինգ ավելի լավ տարիների համար վերանայված հավաքական հորինվածք է դառնալու, որը ծառայելու է մեր երկրի երիտասարդացմանը:
Նախագահի ընտրության նախնական տվյալների հրապարակումից հետո՝ «Ազգային միություն» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը նույնպես միացել է իր համախոհներին: Ընդդիմության առաջնորդն ընդունել է պարտությունը, սակայն խոստացել կատարել իր բոլոր պարտականություններն ու խոստումները: Մասնավորապես, Լը Պենը հայտարարել է, որ իր կուսակցությունը մեծ պայքար է սկսելու խորհրդարանական ընտրություններում։
Մարին Լը Պեն («Ազգային միություն» կուսակցության թեկնածու) - Այս արդյունքը մեզ համար փայլուն հաղթանակ էր: Մեզ համար, ինչպես նաև միլիոնավոր եվրոպացիների համար, այս արդյունքը խորհրդանշում է գործող համակարգի նկատմամբ առկա խիստ դժգոհությունը: Մենք չենք անտեսելու մարդկանց այդ դժգոհություններն ու հետևողական ենք լինելու մեր առաջիկա քայլերում: Ես կշարունակեմ իմ հավատարմությունը Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին այն էներգիայով, հաստատակամությամբ և ջերմությամբ, ինչպես դուք եք ինձ ընկալում:
Ֆրանսիայի նախագահի այս տարվա ընտրությունն աչքի ընկավ նաև քվեարկությանը քաղաքացիների մասնակցության ցածր մակարդակով: Ընտրության երկրորդ փուլին չի մասնակցել ընտրելու իրավունք ունեցողների 28 տոկոսը. այս ցուցանիշը 1969 թվականից հետո ամենացածր մասնակցության արդյունքն է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին: Ընտրելու ձայնի իրավունք ունեցող 13 միլիոն ֆրանսիացի չի մասնակցել քվեարկությանը:
Ֆրանսիայում ոգևորության ու հիասթափության տրամադրություններին հաջորդել են բողոքի ալիքները: Երկրի տարբեր քաղաքներում մարդիկ դուրս են եկել փողոց՝ իրենց դժգոհության ձայնը բարձրացնելու: Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել. լրատվամիջոցները գրում են, որ Փարիզում էլ ոստիկանությունը կրակ է բացել ավտոմեքենայի ուղղությամբ, որը հրաժարվել է ենթարկվել կանգառի պահանջին, 2 մարդ է զոհվել։