Գծանշումներ, լուսացույցներ, ճանապարհային նշաններ: Գործառույթն արդեն վերապահվել է Երևանի քաղաքապետարանին: Խոստանում են աշխատանքները կազմակերպել պատշաճ որակով: Ըստ անհրաժեշտության՝ լուսացույցներ կտեղադրեն, կփոխարինեն կարգավորվող խաչմերուկներում: Մոտ ապագայում մայրաքաղաքում կտեսնենք խելացի լուսացույցներ:
Հայկ Սարգսյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար) - Կունենանք խելացի խաչմերուկներ, այսինքն՝ մի քանի խաչմերուկ իրար հետ կարդալով՝ կհասկանան տրանսպորտային միջոցների ինտենսիվությունը, և ըստ դրա, ավտոմատ ծրագրի միջոցով, կկարգավորի արդեն լուսացույցների աշխատանքային ռեժիմը՝ կանաչ լույս, կարմիր լույս:
Համակարգը հնարավորություն ունի տարբերել շտապ օգնության մեքենայի ազդանշանը և ըստ անհրաժեշտության կանաչ լույսը երկար կվառվի՝ 103-ի անխոչընդոտ ընթացքը ապահովելու համար: Քաղաքային իշխանությունները նախատեսում են մինչև հոկտեմբեր քաղաքի խնդրահարույց խաչմերուկները արհեստական բանականությամբ զինել:
Հայկ Սարգսյան - Էն մտահոգիչ խաչմերուկները, օրինակ՝ Գարեգին Նժդեհի հատվածը՝ Արշակունյանց-Մայիսի 9, Գրիգոր Լուսավորիչը՝ Արշակունյացի հետ, Կոմիտասի պաղոտայում, այսինքն՝ որոշակի՝ իրար մոտ, խնդիր առաջացնող խաչմերուկները կփորձենք դրանով կարգավորել:
Նախկինում քաղաքապետարանը, փոխօգնության կարգով, տեղադրում էր հետիոտների կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներ, այս տարի էլ կշարունակի՝ ըստ պահանջարկի: Մրցույթում շահած ընկերություններից մեկն արդեն 20-ից ավելի նման խաչմերուկներում է տեղադրել, ի դեպ՝ տեղական արտադրության: Մինչև արտադրությունը ուսումնասիրել են եվրոպական շուկայի փորձը:
Ազատ Գրիգորյան (լուսացույց արտադրող ընկերության համահիմնադիր) - Այն տարբերվում է սյան վրայի ներկով. հատուկ ներկ ենք առել, փոշեներկման համար ներկ են ներմուծել, որը հակակոռոզիոն է, ինչ որ հարվածի դեպքում չվնասվի ներկը. ամուր է շատ:
Լուսացույցներին զուգահեռ նաև հետիոտնային անցման նշաններ են տեղադրել, որը գիշերային ժամերին լուսավորվում է:
Ազատ Գրիգորյան - Մաքսիմալ աշխատել ենք էնպես անենլ, որ լինի որակյալ և գեղեցիկ:
Շարունակելու են մասնակցել մրցույթներին, ընդ որում՝ ոչ միայն լուսացույցների, այլև ճանապարհային նշանների: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի խոսքով՝ մրցույթի կարգում փոփոխություններ են կատարել, որոշ դեպքերում խստացրել են պայմանները:
Ազատ Գրիգորյան (իուսացույց արտադրող ընկերության համահիմնադիր) - Սա Ա դասի թաղանթ է համարվում, որն արտացոլում է լույսը: Մենք առաջարկում ենք արդեն իսկ Բ դասի թաղանթ լինի ճանապարհային նշանների վրա, որն ավելի էֆեկտիվ է, պրոդուկտիվ: Մենք արդեն փորձարկումներ ենք արել փողոցում, մայրուղիների վրա, մութ ժամերին:
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԳԾԱՆՇՄԱՆ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ Է ԸՆՏՐԵԼ
Մյուս կարևոր գործառույթը՝ գծանշումները: Քաղաքապետարանը 3 տարբերակ է ընտրել՝ ավանդական ներկով, թերմոպլաստիկ և սառը պլաստիկով գծանշումներ: Ներկով կլինեն հետիոտնային անցումները, ճանապարհային սլաքները, որոնք ձեռքով են անում: Բաժանարար գծերն արդեն հատուկ սարքավորումներով կանեն:
Հայկ Սարգսյան - Իրենք բավականին թանկ են. բայց հարաբերությունը որ վերցնում ենք՝ այն ավելի երկար է դիմանում՝ մի քանի տարի էլ անհրաժեշտություն չի առաջանում տվյալ հատվածում գծանշում անել: ... Էս տարի տվել ենք թերմոպլաստիկով գծանշումներ ու ըստ անհրաժեշտության տարեցտարի կավելացնենք, եթե իրեն արդարացնի:
Մի քանի օրից եղանակը կայուն տաք կլինի, աշխատանքի կանցնեն: Թերմոպլաստիկ ներկը պետք է քսեն գիշերը՝ առնվազն 12 աստիճանի ժամանակ, որ ամուր լինի ու ժամանակից շուտ չպոկվի: 3 կազմակերպություն մրցույթում հաղթել է՝ տարբեր թաղամասերում մյուս ամսվանից արդեն նոր գծանշումներ կհայտնվեն: Հայկ Սարգսյանը միաժամանակ նաև կայանման գծերին է անդրադառնում: Ավանդական կարմիր գծերը որոշել են կապույտով փոխարինել: Բացատրում է ինչու:
Հայկ Սարգսյան - Կարմիր գծերը ընդամենը որոշման համաձայն սահմանազատում է կայանատեղին, այն իրենով չի տարբերակում՝ ծառայողակա՞ն կայանատեղի է, թե՞ վճարովի: Կան նշաններ, որով արդեն ընթեռնելի են դառնում՝ ծառայողական է թե վճարովի: Դրա համար որոշում ընդունվեց, որ գծանշումներով տարբերակվի ծառայողականը վճարովի կայանատեղերից:
Սա դեռ նախագիծ է, երբ ավագանին հաստատի, փոփոխությունը կիրականացնեն՝ ծառայողականը կմնա կարմիր, վճարովին կդառնա կապույտ գիծ:
Հայկ Սարգսյանը անդրադառնում է նաև մեկ այլ քննարկված փոփոխության: Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում այս պահին շինաշխատանքներ են, որոշվել է Կոմիտասից Վաղարշյան աջ երթևեկությունը միշտ թույլատրող առանձին ճանապարհային գոտի կառուցել: Դրա համար որոշել են փողոցին հարակից կանաչ գոտին հայելային տարբերակով տեղափոխել դեպի մայթ՝ տեղում երթևեկելի գոտի կառուցել: