Հայաստանի բոլոր դատարանների ներկայացուցիչների, Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների մասնակցությամբ ապրիլի 23-24-ը տեղի է ունեցել Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության նախագծի՝ դատական իշխանությանը նվիրված հատվածի վերաբերյալ դատավորների կողմից բարձրաձայնված խնդիրների և կառուցողական առաջարկների հավաքում, որոնք կարտացոլվեն ռազմավարության նախագծում և կհանդիսանան դատական իշխանությանն առնչվող բարեփոխումների առաջնային ուղղություններ:
Անդրադարձ է կատարվել «Էլեկտրոնային դատարան» կառավարման միասնական համակարգի ներդրմանը, սահմանադրական բարեփոխումների համատեքստում դատական համակարգի վերանայմանը, Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսմանը, ՀՀ քաղաքացիական և վարչական դատավարության օրենսդրության կատարելագործմանը:
Քննարկվել են նաև դատավորներին իրենց լիազորությունների իրականացման գործընթացում խոչընդոտող, դատարանների նյութատեխնիկական ապահովմանն ուղղված մի շարք ընթացիկ հարցեր, ձեռք են բերվել խնդիրների լուծմանն ուղղված պայմանավորվածություններ:
Աշխատանքային քննարկումը կազմակերպվել է Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: