ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզված տվյալների համաձայն՝ 42-ամյա տղամարդը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով իր ընկերոջ հետ, 2021 թ. հունվար ամսին գնացել է Էջմիածին քաղաքի բնակչին պատկանող Լոմոնոսով փողոցում գտնվող տուն, երկաթյա ձողով բացել տան դարպասի փականը, մուտք գործել ներս: Ապա երկուսով, միմյանց գործողությունները լրացնելով, գողացել են տարբեր արժողության էլեկտրական տեխնիկա, կենցաղային և այլ իրեր՝ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 6.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հիշյալ երկու տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: