ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել մարզի մթերող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, որի նպատակն է եղել անձամբ ճանաչել նրանց, ստեղծել համագործակցության ավելի ինտենսիվ հարթակ՝ տիրապետելու ոլորտին վերաբերող տեղեկատվությանը, առկա խնդիրներին ու անելիքներին:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետն անդրադարձել է գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին, որի հիմնական նպատակը հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական հումք մթերող իրավաբանական և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելության մակարդակի բարձրացումն է:
Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ անհրաժեշտ է մինչ մթերման գործընթացի մեկնարկը հստակեցնել համապատասխան ընկերությունների կողմից նախատեսվող մթերման ծավալը՝ գործընթացում հնարավոր խնդիրները բացառելու և գյուղացու բերքի մթերումը ժամանակին և պատշաճ պայմաններում կազմակերպելու համար:
Մարզի վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են մթերման աշխատանքների հետ կապված իրենց խնդիրներն ու մտահոգությունները:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Էդվարդ հովհաննիսյանը կարևորել է երկուստեք համագործակցությունը՝ շեշտելով, որ մարզային իշխանությունը միշտ պատրաստ է անել հնարավորը՝ օգնելու, աջակցելու մթերման գործընթացին, որի արդյունքում կշահի և՛ տնտեսվարողը, և՛ գյուղացին: